Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ»
Երևանի ավագանու նիստում լարված բանավեճ ծավալվեց իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը կոշտ արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ բոյկոտի հետևանքով տրանսպորտում ուղեվարձի հավաքագրումը նվազել է։
Մանուկյանի խոսքով՝ երբ իրենք էին բոյկոտի կոչեր անում, իշխանության ներկայացուցիչները դա ծաղրում էին, սակայն այժմ նույն գործընթացը, ըստ նրա, իրական ազդեցություն է ունենում, ինչի հետևանքով քաղաքային իշխանությունները դժգոհություն են հայտնում։
Ընդդիմադիր գործիչը նաև քննադատեց մայրաքաղաքում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքները՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում ստեղծված իրավիճակին։ Նա հեգնանքով նշեց, որ ճանապարհի վերանորոգումից հետո նույնիսկ մեկ անձրևը բավական էր տարածքը ջրով լցնելու համար՝ այն վերածելով «լճի»։ Մանուկյանի կարծիքով՝ նման աշխատանքների ընթացքում առաջնահերթ պետք է ուշադրություն դարձվեր ջրահեռացման համակարգի ապահովմանը։
Նրա խոսքին արձագանքեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ պարզաբանելով, որ տվյալ հատվածում ամբողջական վերանորոգում չի իրականացվել, այլ կատարվել են միայն գծանշման աշխատանքներ։
Քննարկման ընթացքում Մանուկյանը նաև քաղաքական գնահատականներ հնչեցրեց՝ պնդելով, թե հասարակության աջակցությունը ընդդիմության կողմն է։ Իշխանական խմբակցության ներկայացուցիչները, սակայն, չհամաձայնեցին այդ դիտարկման հետ։
Վեճն ավելի սրվեց, երբ ընդդիմադիր անդամը առաջարկեց դուրս գալ փողոց և տեղում ստուգել քաղաքացիների վերաբերմունքը։
«Վաղը չէ մյուս օրը, Մալաթիայի Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ ձեզ, մարտահրավերը նետված է»,- ասաց նա:
