Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.
«Քաղաքային կառավարումը փաստացի տապալած իշխանությունները շարունակում են «բարեփոխումների» անվան տակ վտանգավոր փորձարկումներ անել քաղաքացիների նյարդերի և առողջության հաշվին։
Փոսառատ ճանապարհների և անձրևներից հետո չաշխատող ջրահեռացման համակարգի պայմաններում հանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր։
Ուշադրության շեղումը վարելիս մեծացնում է սխալների և վթարների հավանականությունը։ Ավելին, ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է հայտնվել քաշքշուկի մեջ՝ նույնիսկ աննշան խոսակցության պատճառով։ Երևանում տրանսպորտ վարելն ու տրանսպորտով տեղաշարժվելը վերածվել է իսկական արկածախնդրության։
Քաղաքային կառավարումը ենթադրում է պատասխանատվություն և համակարգային բարելավում, այլ ոչ թե մակերեսային փոփոխություններ, որոնք ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծումներ տալիս դրանց։
Մեր քաղաքացիներն արժանի են անվտանգ, հարմարավետ և կանխատեսելի միջավայրի, ոչ թե պատկան մարմինների ձախողված «մտքի փայլատակումների» զոհը դառնալուն»,- գրել է նա։
