ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրը մարտի 18-ին ստորագրել են կողմերի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը:
«Հիմնվելով արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ ընդհանուր արժեքների և շահերի վրա՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիրը նպատակաուղղված հիմք է ստեղծում համագործակցության համար, որն ուղղված է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ կարծիքների փոխանակման խորացմանը և համագործակցության ամրապնդմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Ուկրաինային աջակցությունը, արկտիկական հարցերը և ծովային անվտանգությունը, կիբեռխնդիրները, նոր տեխնոլոգիաները, տնտեսական անվտանգությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության և անվտանգության փոխկապակցվածությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
