Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները
Ունենք մի իրավիճակ, որ հանրային քրեական հետապնդում հարուցող դատախազն իր որոշման մեջ նկարագրել է մի բան, որը թմրամիջոցների իրացման հետ կապ չունի։ Այսինքն այն, ինչ գրել են, եթե նույնիսկ ենթադրենք, թե իրականություն լիներ, ապա անգամ այդ պայմաններում բավարար չէր լինի՝ մեղադրանք առաջադրելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Սրանից բացի՝ կալանքի միջնորդությունը զարտուղի ճանապարհներով հասնում է շատ օբյեկտիվ, հարգելի Մասիս Մելքոնյանին, որը այս հանգամանքներում, երբ հիմնավոր կասկածը բացակայում է, կիրառում է երկամսյա կալանք։ Դրանից հետո, երբ կալանքի երկարացման միջնորդություն պետք է ներկայացվեր, միջնորդությունը մուտքագրվում է հերթապահ Շենգավիթի դատարան, բայց միջնորդությունը զարտուղի ճանապարհներով գնում հասնում է Մասիվի դատարան՝ հույս ունենալով, որ կհանդիպի մեր կողմից շատ սիրված, հարգված Մասիս Մելքոնյանին, բայց բախտները չի բերում, Մելքոնյանը ԱՄՆ-ում է, միջնորդությունը կրկին զարտուղի ճանապարհով հայտնվում է այստեղ և մակագրվում մեր կողմից ավելի շատ սիրելի, ավելի հարգելի Կարեն Ֆարխոյանին»,- նշեց Բաբայանը։
