«5-6 հոգով էին. ասել են՝ մեկ ժամից վերադառնալու ենք, սպասում ենք». Ռոբերտ սարկավագ Տերտերյան
Ժամեր առաջ Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։
«Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի միջամտություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։
Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները»,- նշված է Մասյացոտն թեմի տարածած հայտարարությունում։
Արարատի մարզի Սուրբ ամենափրկիչ եկեղեցու սպասավոր Ռոբերտ սարկավագ Տերտերյանը լսելով այս ճնշումների մասին՝ գնացել է Ոսկետափի եկեղեցի՝ տեր Արտաշեսի կողքին լինելու համար։
«Այստեղ անօրինականություն է տեղի ունենում, բայց մենք անօրինական որևէ բան չենք անելու, իրենց կողմից արված քայլերն ենք արձանագրելու։
Ինքս ներկա եմ եղել խոսակցության մի մասին, այն ամբողջությամբ տեղի չունեցավ, որովհետև անձամբ հայտարարեցի, որ նման թեմաների շուրջ խոսելը կամ նրանց հետ երկխոսելն ավելորդ է։ Իրենք խոսում են եկեղեցին փակելու, բանալիները հանձնելու մասին, մինչև որ եկեղեցու թղթերի հարցը կլուծվի։ Ներկաները 5-6 հոգի էին, ասել եմ՝ եթե բարերարի արած հայտարարությունը կիսում եք, դա չի նշանակում, որ եկեղեցու դռները պետք է փակեք, մինչև թղթաբանության հարցերը լուծվի։ Նրանք ասացին, որ բարերարը փակագծեր չի բացել, բայց ոչ թե եկեղեցին է փակվելու, այլ եկեղեցում նոր մարդ են նշանակելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ սարկավագը։
Եկեղեցու դեմ գրոհող անձանցից նաև հետաքրքրվել է, թե, օրինակ, Արտաշես քահանայի փոխարեն, ո՞ւմ են նշանակելու, նրանք պատասխանել են՝ «դե, մարդ կա, կծառայի եկեղեցում»։
«Հստակ այդ անձանց ասել եմ, որ նման հայտարարություն անելու համար առնվազն թեմի առաջնորդ պետք է լինեք։ Խոսքս, իհարկե, մեր օրինական առաջնորդի մասին է, այլ ոչ թե դատարանների կողմից նշանակված։ Երբևէ չեմ հիշում, որ թեմի առաջնորդին դատարանը նշանակած լինի։ Մենք սպասում ենք, տեսնենք՝ սա հոգեբանական ճնշո՞ւմ է, թե՞ պատրաստ են վնասել եկեղեցու փականը, ասել են՝ մեկ ժամից վերադառնալու ենք։ Մենք միշտ ենք մնալու եկեղեցում, եթե մենք չմնանք եկեղեցում, ապա մեր քարոզածը արժեք չունի, որովհետև գործի չենք վերածում։ Բայց հիմա պատրաստ ենք մեր քարոզածը գործի վերածել՝ պաշտպանելու մեր սրբությունները»,- ընդգծեց Ռոբերտ սարկավագ Տերտերյանը։
Հիշեցնենք, որ օրերս տեր Արտաշեսը հայտարարությունն էր տարածել, որտեղ մանրամասն նշել էր, որ իր նախկինում արված հայտարարությունը, թե միանում է Նիկոլ Փաշինյանին՝ մոլորություն է եղել։
«Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։
Իմ ծուխի սիրելի անդամներ։
Իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզնից յուրաքանչյուրին՝ պահպանելով Սուրբ Եկեղեցու կարգը, և նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ ևս շարունակելու եմ իմ սպասավորությունը։
Խոնարհաբար հայցում եմ ամենքիդ ներողամտությունը և խնդրում եմ՝ հիշել ինձ ձեր աղոթքներում։
«Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15։32)»։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
