Ուկրաինայի խնդրի կարգավորման ԱՄՆ ջանքերը համապատասխանում են Ռուսաստանի շահերին. Պեսկով
Մոսկվան գնահատում է Վաշինգտոնի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով. դրանք համապատասխանում են Ռուսաստանի շահերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ուկրաինական խնդրի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական հուն դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների ջանքերը համապատասխանում են մեր շահերին: Մենք գնահատում ենք Վաշինգտոնի ջանքերն այս առումով», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Վենեսուելայում ստեղծված իրադրությունից հետո Ռուսաստանը ԱՄՆ-ին նախկինի նման համարում է հուսալի գործընկեր բանակցային գործընթացում, մասնավորապես, Ուկրաինայի հարցում։
Միևնույն ժամանակ Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ կապված խնդրի կարգավորումն անհնար է առանց եվրոպական անվտանգության լայն քննարկման։
«Հենց այդ մասին է խոսքը, որ ուկրաինական կարգավորման խնդրի քննարկումն առանց եվրոպական անվտանգության մասին խոսակցության ավելի լայն համատեքստում նույնպես անհնար է։ Այսպես թե այնպես, անվտանգության երաշխիքները կվերաբերեն այդ թեմային։ Եվ դրա համար, իհարկե, անհրաժեշտ է երկխոսություն», – ասել է Կրեմլի խոսնակը:
