Կաթողիկոսի որոշումները դատական քննության առարկա չեն կարող լինել. Սա ամոթ է. Մարինե Ֆարմանյան
Ես չեմ պատկերացնում այն իրավաբանին, որը որ այս անհեթեթության հետ կապված քննության ընթացքում ինչ-որ դրական որոշում կկայացնի ի նպաստ հայցվորի։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով նրան, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, և պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը։
Նա նկատեց, որ նախկինում չի լսել նման բան, որ կաթողիկոսի որևէ որոշում դատական քննության ենթակա լինի։
«Մեծ վստահություն ունեմ, որ նման բան եղած չի էլ լինի, որովհետև նախ բարոյական տեսանկյունից ոչ ոք իրեն նման բան թույլ չի տվել, երկրորդն էլ, իրավական տեսանկյունից էդտեղ անհամապատասխանություն կա, որովհետև եկեղեցին անջատ է պետությունից, որպես կրոնական կազմակերպություն։ Մենք, որպես պետություն, իրավունք չունենք եկեղեցու որոշումներին միջամտելու, հետևաբար վստահ եմ, որ նման նախադեպեր եղած չեն լինի։
Եթե եկեղեցական խորհրդին են գալիս, այնտեղ իրենց ամենամեծ ուխտը հնազանդությունն է, և իրենց առաջնորդի նկատմամբ հավատարմությունը։ Այդպիսի ուխտ են անում եկեղեցականները, և դրա շրջանակներում ի՞նչ որոշումներ են կայացվում, ինչպես է կառավարվում այդ ընթացակարգը եպիսկոպոսական դասի, երբեք իրավական գնահատման առարկա չի եղել և չի էլ կարող լինել: Պետությունն իր իրավական գործիքներով չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին և եկեղեցու կանոնակարգին։
Նման հարցերը պիտի եպիսկոպոսաց ժողովների կամ խորհրդի ժողովների ընթացքում քննարկվեն։ Այն որոշումները, որոնք եկեղեցական կանոնակարգով դարեր շարունակ վեհափառին են վերապահված, չեն կարող իրավական քննարկման առարկա դառնալ։ Դա ծիծաղելի է և ամոթ է մեր հասարակության համար»,–ասաց փաստաբանը։
Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենը եկեղեցու դեմ արշավի շրջանակներում է տեղի ունենում. «Այո, դա միանշանակ եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում իշխանության հերթական աճպարարությունն է, որի շրջանակում օգտագործվում են այս ոչ հավատավոր, իրենց ուխտը դրժած հոգևորականները։ Ես կդժվարանամ ասել, սա հաջողության կհասնի, թե ոչ, որովհետև իշխանությունը նմանվել է անկառավարելի մի մեքենայի, որը իր ցանկությունների կատարման համար տապալում է ամեն ինչ, ընդհուպ արդարադատության համակարգը։ Այն դատավորները, որոնք նման որոշում կկայացնեն, ես իրենց խղճում եմ։ Եթե այդպիսիք իհայտ եկան ու այս մառազմը բավարարեցին, ես իրենց անկեղծորեն խղճում եմ որպես իրավաբան, որպես մարդ»։
Անդրադառնալով նրան, որ այս գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանին, Ֆարմանյանն ասաց. «Ես գիտեմ, որ Էդգար Հովհաննիսյանը բարձրագույն դատական խորհրդի անդամ է։ Ես առնչություն իր հետ չեմ ունեցել, ոչ լավ, ոչ վատ առումով, չեմ կարող իր դատական ակտերը գնահատել։ Միայն լիահույս եմ, որ պարոն Հովհաննիսյանը իրավիճակը ճիշտ կգնահատի և քաղաքական բռնաճնշումներին տեղի չի տա և իրավաբանությունը չի ապականի այս աստիճանի»։
Հիշեցնենք, որ 2026թ. հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 բարձրաստիճան հոգևորականներից է, որը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը։ Եպիսկոպոսը պահանջում է նաև, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թողնի գահը։
