Սիրիական բանակը հայտարարել է քրդական ուժերի դիրքերի դեմ գործողությունների մեկնարկի մասին
Սիրիական բանակը հայտարարել է հունվարի 8-ին ժամը 13:30-ից մինչև հետագա ծանուցում Հալեպի Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում պարետային ժամ սահմանելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
«Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) բոլոր դիրքերից։ Բանակը ժամը 13:30-ից կսկսի թիրախային գործողություններ ՍԴՈւ-ի Աշրաֆիե, Շեյխ Մակսուդ և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող դիրքերի դեմ»,- նշվել է հայտարարության մեջ։
Հալեպի նահանգապետարանը ավելի վաղ հայտարարել էր հունվարի 8-ի ժամը 10:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում ալ-Աուարիդ և ազ-Զուհուր մարդասիրական միջանցքների վերաբացման մասին՝ Սիրիայի արաբական բանակի հետ համակարգված աշխատանքով Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերից բնակիչների դուրս գալը հեշտացնելու համար։
Սիրիայի արաբական բանակի գործողությունների հրամանատարությունը զգուշացրել է ՍԴՈւ-ի ուժերին չթիրախավորել այդ միջանցքներով դուրս գալ փորձող քաղաքացիական անձանց։
Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։
