Որդեկորույս մոր ձեռքից վերցրել են տղայի՝ վաճառված մեքենայի գումարը՝ շիրմաքար կառուցելու համար ու գողացել. Ստեփանյան
Զոհված զինծառայողների մորից խաբեությամբ վերցրել են զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որպեսզի շիրմաքարը կառուցեն և չեն արել դա։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարել է Ռուզան Ստեփանյանը։
«Տիկին Ալլայի երկու որդիները Արցախյան վերջին պատերազմին սեպտեմբերի՝ 19-ից սկսած, մասնակցել են մարտական գործողություններին և երկուսն էլ զոհվել։ Տիկին Ալլան միայնակ է պահել ու մեծացրել իր որդիներին, ինքը պաշտպանել է Արցախի սահմանները՝ որպես կին զինվորական ու, ցավոք, այսօր կրակն է ընկել Հայաստանի արդարադատության ձեռքը։ 2024-ին խաբեբայությամբ տիկին Ալլայի ձեռքից վերցրել են իր՝ զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որպեսզի կարողանան իր տղաների շիրմաքարերը վերակառուցեն, կառուցեն և չեն արել դա։ Փոխարենը գողացել են գումարը»,-ասել է Ստեփանյանը։
Նա ընդգծել է այն հանգամանքը, որ արդեն երրորդ տարին է թևակոխում, որ տիկին Ալլան դիմել է Հայաստանի արդարադատությանը, սակայն ոչ մի դրական տեղաշարժ այդպես էլ չի լինում։
«Գործն Աջափնյակի դատարանում է, դատավորը Ոսկանյան Տիգրանն է։ Մենք մի պարզ գողի հարց այս երկրում չենք կարողանում լուծել։ Տիկին Ալլան Աջափնյակ դատարանի առաջ փորձում էր նստացույց իրականացնել, տարվերջն էր, խնդրել եմ, որ չիրականացնի այդ նստացույցը։ Այսօր տիկին Ալլան գալիս էր այստեղ էլ նստացույցի համար, խնդրել եմ չանել դա, որովհետև ցուրտ է։ Եկել ենք պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի այս տիկնոջը, 2 երիտասարդների մեր հայրենիքն տված այս տիկնոջը և հասկանա, մի գողի հարց այս պետությունը չի կարողանում լուծել»,-ասել է նա։
