Հալեպի օդանավակայանը և ուսումնական հաստատությունները շարունակում են փակ մնալ
Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է դեպի Հալեպի միջազգային օդանավակայան և այնտեղից չվերթների կասեցումը մինչև 2026 թվականի հունվարի 8-ը, ժամը 23:00-ը երկարաձգելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ին։
Քաղավիացիայի վարչությունը պարզաբանել է, որ որոշումը ժամանակավոր նախազգուշական միջոցառում է՝ կապված տեղի ունեցող զարգացումների հետ։
Կասեցման ժամանակահատվածում նախատեսված չվերթները կուղղորդվեն դեպի Դամասկոսի միջազգային օդանավակայան՝ մինչև անհրաժեշտ տեխնիկական և անվտանգության գնահատումների ավարտը։
Հալեպի նահանգապետարանն իր հերթին հայտարարել է հունվարի 8-ին քաղաքի դպրոցներում և համալսարաններում դասերի դադարեցման մասին։
Սիրիայի կառավարությունը Հալեպի իրավիճակի մասին հայտարարության մեջ պահանջել է Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) զինված խմբավորումները դուրս բերել Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերից։
Սիրիայի կառավարությունը շեշտել է, որ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ քուրդ քաղաքացիների պաշտպանությունը հիմնարար ազգային և իրավական պատասխանատվություն է և իրականացվում է առանց որևէ խտրականության։
Հայտարարության մեջ նշվել է, որ համապատասխան մարմինները հաստատում են, որ լարվածության գոտիներից տեղահանվածները բացառապես քաղաքացիական անձինք են՝ բոլորը քուրդ քաղաքացիներ, որոնք լքել են իրենց տները՝ վախենալով լարվածության սրումից: Նրանք ապաստան են գտել պետության և նրա պաշտոնական հաստատությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
«Սա հստակ ապացույց է Սիրիայի նկատմամբ քուրդ քաղաքացիների վստահության և նրանց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու նրա կարողության մասին, և հերքում է նրանց նկատմամբ սպառնալիքի կամ թիրախավորման մասին պնդումները»,- ասվում է հայտարարության մեջ։
Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։
