Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 7-ի երեկոյան հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Միացյալ Նահանգներին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ ու հայտարարելով, որ իրանցիները թույլ չեն տա, որ ԱՄՆ «խաբուսիկ քաղաքականությունը և թշնամական վարքագիծը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը»։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան կողմից հնչեցվող հայտարարությունները չեն բխում Իրանի ժողովրդի նկատմամբ իրական մտահոգությունից, այլ իրականացվում են «Իրանի ներքին գործերին առավելագույն ճնշման, սպառնալիքների և միջամտության քաղաքականության շրջանակում՝ բռնություն և ահաբեկչություն հրահրելու, երկրում անկարգություններ և անապահովություն ստեղծելու նպատակով»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը, համաձայն երկրի Սահմանադրության, ճանաչում է խաղաղ բողոքի ցույցերը և ջանք չի խնայում օրենքի շրջանակում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։ Ընդգծելով տնտեսական դժվարությունները նվազեցնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման կարևորությունը՝ Իրանի ԱԳՆ-ից հայնտել են, որ այդ խնդիրների զգալի մասը բխում է ԱՄՆ կողմից իրանական կողմի դեմ «պատժամիջոցների միջոցով սանձազերծված համընդհանուր տնտեսական և ֆինանսական պատերազմից»։
Իրանական կողմը մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի դեմ հոգեբանական պատերազմ մղելու, ապատեղեկատվություն տարածող մեդիա արշավ իրականացնելու, ռազմական միջամտության սպառնալիք կիրառելու մեջ՝ շեշտելով, որ այս ամենը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները և միջազգային նորմերը։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ կիրառված միակողմանի հարկադրանքի միջոցառումների և տնտեսական պատժամիջոցների անօրինական և անմարդկային բնույթին՝ նշելով, որ այդ պատժամիջոցներն ուղղակիորեն թիրախավորում են իրանցիների մարդու իրավունքները։
