Բուհերից մեկի ամբիոնի վարիչը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, վերքեր»-ով տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 2-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը Կնունյանց փողոցից «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Շիրակի մարզային քրեական վարչություն պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետ Ալեքսան Նորսոյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը։ Տեղում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Թ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով իրավապահները պարզել են, որ վիրավորը վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կնունյանց փողոց 20 հասցեի մոտակայքում չպարզված հանգամանքներում իրեն անծանոթ անձանց միջև ծագած վիճաբանության ժամանակ վերջիններիս կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 2-ին Արմեն Թ․-ին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Սմբատ Դ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան, վիճաբանության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Թ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի բուհերից մեկում որպես ամբիոնի վարիչ։
