SOCAR-ը պատրաստվում է Թուրքիայում 225 մլն դոլար արժողությամբ էլեկտրակայան գնել
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Թուրքիայի դուստր ձեռնարկությունը՝ «SOCAR Türkiye»-ն նախատեսում է 225 մլն դոլարով գնել «Գամա Էներջի» Կենտրոնական Անատոլիայում գտնվող 870 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ «Interfax»-ի՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն Ադրբեջան-Թուրքիա համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստում։
Նա նաև նշել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Ադրբեջան-Թուրքիա ներդրումային ֆորումի ժամանակ, որը տեղի կունենա Բաքվում սույն թվականի դեկտեմբերի 23-ին։ Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսին հայտնի դարձել, որ էլեկտրակայանի ներկայիս սեփականատերը «SOCAR Türkiye»-ից ստացել է 225-250 մլն դոլարի չափով առաջարկ։ Սեփականատերը նշել է, որ իրենք բաց են բանակցությունների համար:
Գնման դեպում «SOCAR Türkiye»-ն կդառնա այդ էլեկտրակայանի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: Էլեկտրակայանի ձեռքբերումը կհամարվի «SOCAR»-ի դիրքերի ամրապնդում Թուրքիայի աճող էլեկտրաէներգիայի շուկայում և գերմատակարարման պայմաններում այլընտրանքային եկամտի հոսք ստեղծելու միջոց:
