Եվրոպան էդ 15 միլիոնը մեզ պիտի տա, որ ձեզանից պրծնենք
Չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանի ասած հիբրիդային պատերազմը։ Եվրոպայից օգնություն է խնդրում, որ Ռուսաստանի հիբրիդային պատերազմին կարողանա դիմակայել։ Նա էլ թե՝ 15 միլիոն կտամ, որ քեզ «չուտեն», հիբրիդային պատերազմում հաղթող դուրս գաս։ Ընդունենք, որ անկեղծ է և ուզում է «թշնամու» դեմն առնել։ Այդ դեպքում ինչու՞ է գնում ուղիղ թշնամու «երախը» ու ախորժակը գրգռում։ Ուրեմն լավ էլ գիտի, որ նա անվնաս է, գիտի, որ իրեն չի ուտելու, մի քիչ խաղալու է ու դեսը ուղարկի։ Դեսը գալուց հետո իր լրատվական աղբյուրներով «անհաղթը» տարածում է՝ տեսեք, Պուտինը ո՜նց էր բռնել Նիկոլի ձեռքը, տեսեք ո՜նց է ժպտում․․․ Լավ, որ այդքան ուրախանում, խելքդ կորցնում ես Պուտինի «ձեռքսեղմումով» , ինչու՞ ես Եվրոպային ականջին շշնջում, որ փող է պետք՝ հիբրիդային պատերազմը կանխելու համար։
Եվրոպան ու Ռուսաստանը պիտի իմանան, որ հիբրիդային պատերազմ անձամբ քո առաջնորդությամբ է մղվում հայ ժողովրդի դեմ։ Ազգային ինչ ունենք, ոչնչացնում ես, ասում ես՝ պատմություն էլ չեք ունեցել, ձեր պատմությունը այն մի կտոր հողն է, որ Ադրբեջանն իր մեծահոգությամբ պիտի թողնի ձեզ։ Հիմա կասի՝ չեմ ասել։ Չես ասել է՜, արել ես․․․ Նյութը հանձնել, անցել ես մեր հոգուն՝ ուղիղ Եկեղեցի։ Ձերբակալված մեր Սրբազաններին, բարերարին, մյուս պատանդներին եմ նայում, լսում ու փորձում եմ հասկանալ՝ Ադրբեջանում պահվող գերիներից ինչո՞վ են տարբերվում։ Հյուծված, հիվանդ․․․ Մի ընդհանրություն ունեն՝ հոգով պինդ են։ Ու ինչքան գցում-բռնում եմ, նույն մտքին եմ հանգում՝ սա արտաքին չէ, ներսից է։ Սա տանկով չէ, աղոթքի վրա է գալիս։ Մարմինը չէ, հոգին է թիրախ։ Երբ Սրբազանին շղթայված եմ տեսնում, երբ հավատն են դարձնում քրեական գործ, հասկանում եմ՝ պատերազմը վաղուց սկսվել է, պարզապես անունը խեղաթյուրել են։ Ա՜յ սա է հիբրիդային պատերազմը։ Ներսից պտուղը «ուտվում է»։ Եվ եթե Եվրոպան 15 միլիոն է տալիս «հիբրիդային պատերազմը կանխելու» համար, ապա թող իմանա՝ այդ պատերազմը մեզ վրա չէ, մեզ դեմ է։
Եվրոպան էդ 15 միլիոնը մեզ պիտի տա, որ ձեզանից պրծնենք։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
