Նույնիսկ Քրիստինե Հալաջյանյանն է լծվել այդ գործին
ՔՊ վարչությունը ըստ լուրերի՝ մերժել է նաեւ Հայկ Սարգսյանի երկորյակ եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, որը մինչեւ 2022 թվականը Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, ով նույնպես ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ է ներկայացրել: Հայտը քննվել է շաբաթ օրը։ Թե ինչ պատճառով են մերժել, առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ վարչությունը մերժել է նաեւ պատգամավոր եղբորը՝ Շիշ բռնողին: Մենք գրել ենք, որ մերժման գլխավոր պատճառը ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում կուսակիցներից ոմանց բուքմեյքերական ընկերությունների շահերը պաշտպանելու մեջ մեղադրելն է եղել, այսպես կոչված` ՔՊ-ին վարկաբեկելը: Բացի այդ նրա անունը կապվում է քրեական որոշ հեղինակությունների, աղմկահարույց պատմությունների հետ։
Պատգամավորը հայտարարել էր, որ բողոքարկելու է վարչության որոշումը, իսկ զուգահեռաբար ֆեյսբուքյան ֆլեշ-մոբ է կազմակերպել` տարբեր ֆեյք եւ իրական օգտատերերի միջոցով։ Մոտ 2 շաբաթ է տարբեր օգտատերեր սրտաճմլիկ գրառումներ են անում Հայկի եւ եղբոր՝ Նաիրիի մասին, թե ինչ նվիրվածությամբ են նրանք կանգնել Փաշինյանի կողքին սկսած 2009 թվականից, երբ տակավին պատանիներ էին, ապա հեղափոխության ողջ շրջանում` երբ Նիկոլ Փաշինյանի շիշն էին պահում: Գրառումներն ուղեկցվում են հնդկական ֆիլմերի մոտիվներով, դանդաղեցրած կադրերով տեսանյութերով։
Եղբայրներին փառաբանելու գործին է միացել անգամ իշխանական հայտնի բլոգեր ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանը, որը գրել է. «Եթե իշխանական կուսակցությունը կորցնի այս եղբայրներին, դա կլինի ոչ թե փոքր կորուստ, այլ անվերադարձ կորուստ։ Ինձ համար դա կլինի խորը հիասթափություն, որովհետև Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մարգինալացնել այն մարդկանց, ովքեր արդեն ապացուցել են իրենց արժեքը՝ այն պահին, երբ դա ամենաշատն էր պետք»։
Թե ինչու է Փաշինյանը որոշել գահընկեց անել Սարգսյան եղբայրներին, որոնց հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ էլ ժամանակին ջերմ կապեր է ունեցել, կարելի է հեռուն գնացող պատճառներ չփնտրել, Փաշինյանը երբեք էլ աչքի չի ընկել մարդկային հարաբերությունները պահելու, հավատարմությունը գնահատելու որակներով: Նա միշտ եւ ամեն ինչում առաջնորդվում է բացառապես իր նեղ շահով եւ հիմա հավանաբար հաշվարկել է, որ եղբայրներն արդեն իրեն ոչ թե օգուտ են տալիս, այլ ավելի շատ վնասում են։
«Հրապարակ օրաթերթ»
