Կիրանցի հաշվին փիառ անողները իրենց խոստումները մոռացել են
Ազգային ժողովից հաղորդում են․
«Ամեն տարի Ազգային ժողովի այգում կազմակերպվում է ամանորյա տոնական միջոցառում: Այս տարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ միջոցառումը տեղափոխվել է Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոց: Ազգային տիկնիկային թատրոնի ամանորյա ուրախ ներկայացումը դիտեցին սահմանամերձ
գյուղերի՝ Կիրանցի, Սեւքարի, Ներքին Ծաղկավանի, Աճարկուտի եւ Սարիգյուղի 200-ից ավելի երեխա»:
Կիրանցի պատն ու Կիրանց գյուղը դարձել են այս իշխանությունների փիառի գլխավոր էլեմենտներից մեկը։ Ամիսը մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն է գնում Կիրանց՝ նկարվում Կիրանցի պատի մոտ, էքսկուրսավարի նման ցուցադրում սահմանազատված պատը, հիմա էլ խորհրդարանի ղեկավարն է որոշել փիառվել Տավուշի մարզի երեխաների եւ աղճատված Կիրանցի հաշվին։ Եւ ոչ ոք չի հիշեցնում այս անձանց, որ Կիրանցի հողերը հանձնելու եւ Կիրանցը կիսելու ժամանակ խոստանում էին հարակից տարածքների՝ Հայաստանին պատկանող, բայց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հողերը կարճ ժամանակում հետ բերել։ Ասում էին՝ սահմանազատման արդյունքում մի տեղ կտանք, մյուս մասում՝ հետ կստանանք։ Տալիքը տվեցին, իսկ հետ ստանալուց ոչ մի լուր չկա։
«Հրապարակ օրաթերթ»
