Ուկրաինայի համար ԵՄ-ի կողմից անվտանգության հիմնական երաշխիքներ են սահմանվել
Եվրոպացի առաջնորդները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի շնորհիվ արձանագրված զգալի առաջընթացը՝ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է եվրոպացի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նրանք նաև ողջունել են Ուկրաինայի նախագահ Զելենսկու և նախագահ Թրամփի թիմերի, ինչպես նաև եվրոպական թիմերի միջև վերջին օրերի և շաբաթների ընթացքում սերտ աշխատանքը: Նրանք համաձայնել են համատեղ աշխատել նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու հետ՝ հասնելու երկարատև խաղաղության, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը և եվրոպական անվտանգությունը:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ ԱՄՆ և եվրոպացի առաջնորդները պարտավորվել են համատեղ աշխատել՝ Ուկրաինայի համար անվտանգության ամուր երաշխիքներ և տնտեսական վերականգնման աջակցության միջոցառումներ ապահովելու նպատակով՝ պատերազմի ավարտի մասին համաձայնագրի համատեքստում։
Մասնավորապես, ԵՄ-ն մտադիր է շարունակել Ուկրաինային տրամադրել շարունակական և էական աջակցություն իր բանակի կառուցման գործում, որը խաղաղ ժամանակ պետք է մնա 800,000 անձնակազմի վրա: Եվրոպայի գլխավորությամբ «Ուկրաինայի համար բազմազգ ուժերը», որոնք ձևավորվել են այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» շրջանակներում, կնպաստեն Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը և կապահովեն անվտանգությունը ցամաքում և ծովում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
