Պաշտպանական թիմը պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար․ հայտարարություն
«Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում, սակայն Քրեակատարողական բժշկության կենտրոնից նրան առաջարկել են այլ հիվանդանոց ընտրել», հայտարարում են Սրբազանի պաշտպանները։
«ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված կարգով ղեկավարվելով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում՝ 07.10.2025թ. Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանի կողմից դիմում է հասցեագրվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը՝ ակնկալելով միջոցներ ձեռնարկել Միքայել (Գևորգ) Աջապահյանի վիրահատությունը կազմակերպելու, այդ թվում՝ Միքայել արք. Աջապահյանի համաձայնությունը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու կապակցությամբ:
Այնուհետև, Միքայել Սրբազանի պաշտպանի կողմից 29.10.2025թ., 06.11.2025թ. և 10.11.2025թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցեագրվել են դիմումներ:
Դիմումներով ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել Սրբազանի գրավոր համաձայնությունը և ՊՈԱԿ-ից ակնկալվել է միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի վիրահատությունը, ինչպես նաև մեկ այլ հիվանդության բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցով կազմակերպելու կապակցությամբ:
Մեր տեղեկություններով, Միքայել Սրբազանին ՊՈԱԿ-ից առաջարկել են, բացի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից այլ հիվանդանոց ընտրել, սակայն Միքայել Սրբազանը պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, ունի բժիշկ և վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին:
28.11.2025թ. գրությամբ «Քրեակատարողական բժշկության Կենտրոն» ՊՈԱԿ տնօրենը ընդունելով, որ անհրաժեշտ է պլանային վիրահատություն, միայն նշել է, որ անվճար բժշկական օգնությունից Միքայել Սրբազանը հրաժարվել է:
Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել Սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ:
Պաշտպանական թիմն իր մտահոգությունն է հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և Սրբազանի առողջության հետ կապված հարցով նման դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ և պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի Առողջության իրավունքը պաշտպանելու համար»,– ասված է հայտարարության մեջ:
