Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով
Եկեղեցում օրհներգ հնչեցնելը քաղաքական ծրագիր է։ Փաշինյանի կողմից հնչեցրած «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ» հայտարարությունը ազգային համընդհանուր ծիծաղի ու ծաղրի արժանացավ։ Անգամ քաղաքական գործիչներն ընկան Փաշինյանի լարած թակարդի մեջ ու սկսեցին բացատրական աշխատանքների տանել Եկեղեցու ստեղծման մասին։ Իրականում Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով․ «Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»։
Եկեղեցում օրհներգ հնչեցնելը ոչ թե առաջարկ է, այլ իշխանական մանիպուլյատիվ քաղաքական ծրագիր, որը ենթադրում է․ «Եկեղեցին պետության ստեղծած կառույց է, հետևաբար պետությունը կարող է որոշել՝ ինչ լինի այնտեղ»։ Սա հնչում է այսպես. «Քանի որ մենք ենք ստեղծել, մենք էլ կասենք՝ ինչ երգեք, ինչ անեք»։ Հենց այս գործելակերպով էլ առաջնորդվում է իշխանությունը՝ հոգևոր դաշտը ենթարկեցնելու և քաղաքական վերահսկողության տակ վերցնելու նպատակով։
Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ սա թաքնված մեղադրանք է եկեղեցուն՝ «ազգային» չլինելու մեջ։ Նա բաց տեքստով ասում է եկեղեցուն․ «Եթե ձեզ դուր չի գալիս մեր քաղաքականությունը, գոնե օրհներգ երգեք, որ պարզ դառնա՝ պետականության կողմն եք, թե ոչ»։ Սա թաքնված մեղադրանք է, որ բացահայտում է, թե ինչ ծրագրով են իրեն առաջնորդում՝ Եկեղեցին ինստիտուցիոնալ ու արժեքային մակարդակով փլուզելու համար։
Կարծում եմ այստեղ Փաշինյանի գլխին Ավետարան կարդալը անտեղի է։ Ժողովրդական ասացվածք կա, որը շատ բնորոշ է այս պարագայում․․ «Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ»։ Ինչքան էլ նրան փորձեք բացատրել, որ Եկեղեցին ստեղծել են առաքյալները, միևնույն է, նա ասելու է՝ ոչխարը սարն անցավ։ Նա հրահանգ ունի, պիտի կատարի։ Երբ մարդը զինվորի նման կատարում է Եկեղեցին փլուզելու հրահանգը, անտեղի է նրան բացատրել, որ պետությունը չի ստեղծել Եկեղեցին կամ մի ուրիշ բան։
Կարծում եմ ժամանակն է պաշտպանական դիրքերից դուրս գալ և թույլ չտալ, որ օրվա իշխանությունն իր ձեռքը վերցնի հարձակողական գործողությունները։ Հակառակ դեպքում պետականության հիմնարար սյուները՝ Եկեղեցին, ինքնությունը, ազգային կոդերը, անմիջականորեն դառնում են իշխանական տեխնոլոգիայի թիրախ։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
