Ծախսերը պետական գաղտնիք են․ միջոցառման կազմակերպիչը Աննա Հակոբյանի՝ դատական գործերով անցնող գործընկերն է. Factor.am

Որքա՞ն գումար է ծախսվել պետական բյուջեից նոյեմբերի 14-15-ին Երևանում «Աղոթքի նախաճաշ» կազմակերպելու համար։ Պարզվում է՝ այս հարցի պատասխանը պետական գաղտնիք է։

Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Հայաստանի վարչապետի աշխատակազմից։ Միաժամանակ, գերատեսչությունից տեղեկացրել են, որ «Աղոթքի նախաճաշ»-ը կազմակերպել է «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ն։

Պատասխանում նշված է, որ վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է միայն «Աղոթքի նախաճաշ»-ի մասնակիցների համար տրվող գալա ընթրիքը, որի ծախսերն էլ աշխատակազմը, պետական գաղտնիքի հիմնավորմամբ, չի տրամադրում։

«Աղոթքի նախաճաշ»-ը առաջին անգամ անցկացվել է 1953 թվականին՝ Վաշինգտոնում։ Այն նախաձեռնեցին կոնգրեսականները՝ նպատակով ստեղծել ոչ պաշտոնական ու ոչ քաղաքական հարթակ, որտեղ քաղաքական, բիզնես և կրոնական առաջնորդները կարողանան քննարկել արժեքներին առնչվող թեմաներ։ 2025 թվականի փետրվարին ԱՄՆ-ում կայացած «Աղոթքի նախաճաշ»-ին մասնակցեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մի քանի ամիս անց համանման միջոցառում կազմակերպվեց ՀՀ-ում։ Երևանում անցկացված «Աղոթքի նախաճաշ»-ը փակ միջոցառում էր, լրագրողները լուսաբանելու հնարավորություն չունեին։ Միակ աղբյուրը վարչապետի աշխատակազմի հրապարակած տեղեկություններ են։ Պաշտոնական լրատվությունից հայտնի է դառնում, որ ելույթով հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը։

Ներկաների թվում են՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, վարչապետի խորհրդական Լիլիթ Մակունցը, ԱԺ մարդու իրավունքերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը։ Անդրադառնալով «Աղոթքի նախաճաշ»-ը Երևանում կազմակերպած «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ին՝ նշենք մեկ ուշագրավ փաստ։

Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ՀԿ-ն հիմնադրվել է «Աղոթքի նախաճաշ»-ի կազմակերպումից ընդամենը երկու ամիս առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին։ ՀԿ-ի կանոնադրությունից տեղեկանում ենք, որ այն յուրաքանչյուր տարի ՀՀ-ում կազմակերպելու է «Աղոթքի նախաճաշ»։ «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» կազմակերպության նախագահը Ստեփան Սարգսյանն է։

Նա Փաշինյանի և նրա տիկնոջ կողմից իրականացվող «Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավարն է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքից։ Ստեփան Սարգսյանն Արցախի Բերձոր քաղաքից է։

Նրա անվանը հանդիպում ենք նաև մի քանի այլ ընկերություններում։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ նա 80 տոկոս բաժնեմաս ունի «Բերք Գրուպ» ՍՊԸ-ում, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների՝ գերակշռությամբ մանրածախ առևտրով ոչ մասնագիտացված խանութներում։ Ընկերությունը հիմնադրված է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։

Ռեգիստրի համաձայն՝ ընկերության նկատմամբ կիրառված է սահմանափակում։ Դեռևս 2022 թվականից այն պետբյուջե պետք է վճարի 1 մլն 756 հազար դրամ։ Ընկերությունը սնանկացման գործընթաց է սկսել և կես մլն դրամ էլ պարտք է սնանկության գործով կառավարչին։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից էլ Factor.am-ը պարզեց, որ Աննա Հակոբյանի գործընկերոջ՝ Ստեփան Սարգսյանի «Բերք Գրուպ» ՍՊԸ-ի դեմ 25 դատական հայց կա։ Դատական գործերից մեկից տեղեկանում ենք, որ «ՄԲ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը դատի է տվել և պահանջել 21 հազար 779 դրամ, քանի որ «Բերք Գրուպ» ՍՊԸ-ն գումարը վերցրել է, իսկ ապրանքը չի մատակարարել։ Դատարանը պարտավորեցրել է հետ վերադարձնել գումարը։ Մեկ այլ գործով դատարանը բավարարել է «Մոսկվա Սիթի» ՍՊԸ-ի հայցը և «Բերք Գրուպ» ՍՊԸ-ին պարտավորեցնել վճարել 232 հազար դրամ։

Եվս մեկ գործով պահանջվում է շուրջ կես մլն դրամ և այլն։ Ստեփան Սարգսյանի ընկերությանը դրամական պահանջներ են ներկայացրել նաև «Յուքոմը», «Էվոկաբանկը»։ Ի դեպ, «Բերք Գրուպ» ՍՊԸ-ն արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա է ունեցել, որը ԿԲ-ն դադարեցրել է ընկերության դիմումի հիման վրա։ «Աղոթքի նախաճաշ» կազմակերպած Սարգիս Ստեփանյանը 80 տոկոս բաժնեմաս էլ ունի 2021 թվականին հիմնադրված և կրկին Թալինում գործող «Լեհոստ» ՍՊԸ-ում։ Այն զբաղվել է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։ Ընկերության վրա կրկին արգելանք է կիրառված, պետբյուջե տուգանքներ վճարելու պարտավորություն ունի։

Ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետի տիկնոջ գործընկերն է կազմակերպել «Աղոթքի նախաճաշ»-ը՝ միջոցառումից երկու ամիս առաջ հիմնադրված ՀԿ-ով։ Թեմայի վերաբերյալ Ստեփան Սարգսյանը Factor.am-ին փոխանցեց․ «ՀԿ-ն բացառապես այդ նպատակով է հիմնադրվել, որպեսզի այդ միջոցառումը կազմակերպենք ընկերներով։ Իրավաբանական անձ էր հարկավոր, դրա համար է ստեղծվել»։ Ստեփան Սարգսյանն անդրադառնալով Աննա Հակոբյանի հիմնադրամում աշխատանքին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դրա համար նախապատվությունը չի տրվել իրեն, ասաց․ «Ամենևին, որևէ կապ չկա։ Դրանք երկու տարբեր ծրագրեր են, առնչություն չկա։ Այդ ամենը մինչև իմ՝ հիմնադրամում աշխատանքի անցնելն է նախաձեռնվել, իրար հետ կապ չունեն»։

Factor.am-ի ճշտող հարցին ի պատասխան Սարգսյանն ասաց, որ հիմնադրամում աշխատանքի ընդունվել է այս ամռան վերջում։ Նկատենք, որ ըստ ռեգիստրի, ՀԿ-ն հիմնադրվել է սեպտեմբերին՝ այսինքն նրա՝ հիմնադրամում աշխատանքի անցնելուց հետո։ Սարգսյանը հավաստիացնում է, որ կառավարությունից «Աղոթքի նախաճաշ»-ը կազմակերպելու համար ֆինանսավորում չի ստացել, աջակցել են մասնավոր հովանավորները։ Անդրադառնալով իր ընկերության դեմ դատական հայցերին՝ նա փոխանցեց․ «Դա ընդհնարապես այս միջոցառման հետ կապ չունի։ Մասնավոր ընկերություն է, ես ներդրող եմ եղել և ոչ միակ ներդրողը»։

 

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո Կարծես թե ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի հետ պատերազմն արագ ավարտելու միասնական ծրագիր չունեն․ Մերց Իսրայելն առավելագույն վնաս է հասցնում Իրանին՝ պատերազմը դադարեցնելու Թրամփի հրամանին սպասելու ժամանակ․ Reuters Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Զոհված զինծառայողների և պահեստի պայթյունից մահացածների հարազատները խարդախության զոհ են դարձել Արբանյակային պատկերները բացահայտել են Լեռնային Ղարաբաղում ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ․ Արմեն Աշոտյան Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am