Իմ հույսը մարդկանց խաբելը չէ, դրսից թելադրվող՝ ներսում գեներացվող սուտ խոստումները չեն․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը բանաստեղծ-հրապարակախոս, «Հայրենիք» կուսակցությունից Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանն է:

– Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել (նոյեմբերի 16): «Հայրենիք» կուսակցությունը Ձեզ առաջադրել է մեր հոգեւոր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում եւ վստահ է, որ միասին հաղթելու եք նախ Վաղարշապատում, ապա նաեւ՝ ամբողջ Հայաստանում։ Ի՞նչը նպաստեց, գուցե՝ դրդեց, որ որոշեցիք քաղաքական հայտ ներկայացնել:

– Երբեւէ մտադրություն կամ պատկերացում չեմ ունեցել, որ պիտի զբաղվեմ քաղաքականությամբ, ինչպես Դուք եք ասում` առավել եւս՝ քաղաքական հայտ ներկայացնեմ։ Սակայն մենք չենք ապրում բնականոն իրավիճակում. հայրենիքի ավիրումը, պետության կազմաքանդումը, այն ամենը, ինչը կապված է արտաքին մարտահրավերների հետ, մեր անվտանգության խնդիրների հետ, մեր երկրում բաժանարար գծերի առկայությունը, թշնամանքի սերմանումը ստիպում են, որ յուրաքանչյուրս մեր կողմից մեր քայլը, մեր գործողությունը կատարենք, եթե ոչ միայն մտահոգ ենք, այլ նաեւ հասկանում եւ պատկերացնում ենք, որ չի կարող այսպես շարունակվել։ Որքան էլ որ խնդիրներն առնչվում են ողջ երկրին, նաեւ՝ աշխարհասփյուռ հայությանը, կարծում եմ՝ յուրօրինակ «սկիզբ է» փոքր հայրենիքը նաեւ, այս պարագայում՝ իմ հայրենիք Վաղարշապատը։ Մյուս կողմից, ես առավել քան վստահ եմ, որ որպես արդեն ավագ սերնդի ներկայացուցիչ, մենք, միջին սերնդի ներկայացուցիչները, պարտք ունենք տալու երիտասարդությանը եւ առավել եւս նրանց, ովքեր մեր հայրենիքի համար ամենաթանկը նվիրաբերեցին՝ իրենց կյանքը, եւ նրանք հանուն հայրենիքի պատրաստ էին դրան ու նահատակվեցին: Պատկերացնել, որ ինչ-որ մարդիկ, մարդկանց խմբակ կարող է գալ եւ ավերել երկիրը, մասնատել հայրենիքը, պետությունը կանգնեցնել գոյության-չգոյության հարցի առաջ, եւ այդ ամենի նկատմամբ լինել անտարբեր կամ անգամ կիսաանտարբեր՝ իմը չէ։ Եթե հարցը վերաբերում է նրան, թե որտեղից եկավ այս որոշումը, երեւի հենց սա է բացատրությունը: Այլեւս հնարավոր չէ ուղղակի այս ամենը տեսնել, այս ամենին նայել։ Եվ ես իմ առաջ դրած խնդիր ունեմ, որ գործող իշխանությունը պիտի հեռանա, պիտի հեռանա բոլոր մակարդակներում եւ հարթություններում, պարտություն կրելով, մեր ժողովրդի կամքը տեսնելով, զգալով, պիտի հեռանա, եւ չգիտեմ՝ ինչ ձեւով հետո պիտի հայցի Աստծուց, մեր ժողովրդից իր մեղքերի թողությունը:

– Հանրությունը հաճախ պնդում է, թե մեր մտավորականները քիչ են ահազանգում իշխանությունների ապազգային գործունեության, այդ թվում՝ Հայ եկեղեցու եւ սրբազան հայրերի դեմ բռնաճնշումների մասին: Դուք մշտապես սուր քննադատության եք ենթարկել Փաշինյանի ռեժիմը: Մտավախություն չունե՞ք, որ հակահոգեւոր ու հակաեկեղեցական այս քստմնելի արշավը կարող է խաթարել Էջմիածնի ընտրությունները:

– Դուք անդրադարձաք մեր մտավորականներին։ Գիտե՞ք, չունեմ ցանկություն խոսել այն մասին, թե ով ինչ կեցվածք ու դիրքորոշում ունի, ով լուռ է, ով` պասիվ։ Երեւի յուրաքանչյուրն իր ընտրությունը պիտի անի, առաջին հերթին՝ ընտրություն իր խղճի առաջ, ընտրություն իր նախնիների առաջ, ամենակարեւորը՝ իր զավակների առաջ, իր թոռների առաջ, որի աչքերին նայելուց ստել չի ստացվելու, հետեւաբար, ամեն մեկինը թողնենք իրեն։ Ինչ վերաբերում է` ունե՞մ արդյոք մտավախություն, որ կարող են փորձել խաթարել հոգեւոր մայրաքաղաքի ընտրությունները․ ոչ միայն ունեմ մտահոգություն, առավել քան վստահ եմ, որ իրենց ձեռքից եկած ամեն ինչ անելու են՝ ընտրությունների նորմալ ընթացքը խաթարելու համար։ Եվ ոչ միայն անելու են, հիմա էլ են անում: Շուրջներդ նայե՛ք: Ընդհանրապես, նայեք արդարադատության վիճակին, նայեք մարդու իրավունքների վիճակին, քաղբանտարկյալների առկայությանը, այդ ամեն ինչի մեջ` անպատժելիության զգացողությանը, համատարած ստին: Սա իշխանություն է, որը ոչ մի կարմիր գիծ չունի, եւ, հետեւաբար, համոզված եմ, որ հնարավոր ամեն ինչ անելու են՝ բնականոն ընթացքը խաթարելու համար։ Բայց այստեղ կա մի ուրիշ շատ կարեւոր հարց, եւ ի՞նչ, եթե մեր հասարակությունը, մեր հանրությունը, տվյալ պարագայում` Վաղարշապատը, վաղարշապատցին, իմ ամեն հայրենակից իր կամքը ցուցաբերեց, սրանք ի վիճակի՞ են կամք կոտրելու: Իհարկե` ոչ, ընդհանրապես, առավել եւս` մեր հոգեւոր մայրաքաղաքում:

– Փաստորեն, ընդունել եք գործող վարչախմբի դեմ «առաջին իրական ճակատամարտը» մղելու մարտահրավերը. ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորություններն այս անհամաչափ «կռվում»:

– ՔՊ-ն Վաղարշապատում պիտի զրկվի իշխանությունից: ՔՊ-ն Վաղարշապատում պիտի զգա, որ մեր յուրաքանչյուր հայրենակից բացել է աչքերը, բացել ականջները, տեսել ու տեսնում է, թե ինչ են անում երկրի, պետության հետ, ինչ են անում մեր արժեքների հետ, մեր հայրենիքի հետ, ինչ են անում իրենց խմբակային շահն ամեն ինչից վեր դասելով, ինչ են անում՝ ենթարկվելով եւ հաճոյանալով թշնամուն: Եվ եթե այս ամենը տեսանելի ու լսելի է, իսկ ես կարծում եմ, որ վաղուց արդեն ե՛ւ տեսանելի է, ե՛ւ լսելի, ապա այս կամքը պիտի դրսեւորվի քվեարկությամբ եւ քվեարկությանը տեր կանգնելով: Հետեւաբար, ես իրական ընդդիմադիր դաշտի հնարավորությունները եւ այդ թվում՝ իմ հնարավորությունները, բավականին բարձր եմ գնահատում: Իմ հույսը հարեւան երկրի կամ երկրների ղեկավարները չեն, իմ հույսը մարդկանց խաբելը չէ, իմ հույսը փողը, տարաբնույթ, դրսից տրվող, դրսից թելադրվող, ներսում գեներացվող սուտ խոստումները չեն: Իմ հույսն իմ հայրենակիցն է. իմ քույրը, իմ եղբայրը, իմ կողքին ապրող, հոգեւոր արժեք ճանաչող, մշակույթ ճանաչող, ինքնություն ունեցող հայրենակիցը:

– Հայ ժողովրդին ու Հայրենիքին ամենաթանկ զոհողությունն եք արել` 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվեց Ձեր որդին՝ Վաչագանը: Այդուհանդերձ, համարում եք, որ դեռ «տալիք» ունեք ժողովրդին: Այս առումով, ի՞նչ սպասեն Ձեզնից էջմիածինցիները:

– Մենք պարտք ունենք տալու մեր զավակներին, առավել եւս՝ նրանց, ովքեր կորցրել են ամենաարժեքավորը՝ կյանքը, առողջությունը, կորցրել են՝ պաշտպանելով սեփական հայրենիքը։ Ես չեմ ուզում Վաչագանին առանձնացնել։ Ի՞նչ կարող են սպասել էջմիածինցիները, ընտրողները: Առաջինն ու ամենակարեւորը՝ վստահ լինեն, որ սուտ չի լինելու։ Ես չեմ կարող ստել, կրկնեմ` որովհետեւ մտել եմ այս պայքարի մեջ՝ հստակ դրված նպատակներով՝ ՔՊ-ն պիտի իշխանազրկվի, մենք մեր մեջքը պիտի ուղղենք: Իհարկե, պիտի կանգնենք ցանկացած մեր հայրենակցի, վաղարշապատցու կողքին` սոցիալական հարցերից սկսած: «Բեռը» թեթեւացնելը, մարդկանց խնդիրները հնարավորինս լուծելն առաջնահերթություն են լինելու: Մենք, մեր ժողովուրդն արժանի է շատ ավելի լավ կյանքի եւ արժանի է իրական առաջնորդության, չստող առաջնորդության, ուրիշի կողմից դրածո չդարձած ու չդարձող առաջնորդության։ Եվ առաջինը, ինչո՞ւմ պիտի վստահ լինի ընտրողը կամ սպասի մեզնից մեր ընտրողը, որ սա պայքար չէ իշխանության համար, որ սա պայքար է մեր գոյության, արժանապատիվ գոյության համար, պայքար, որում պիտի լինենք կողք-կողքի: Պիտի սպասի ինձնից, որ պիտի ամեն ինչ անեմ՝ վերացնելու բոլոր բաժանարար գծերը, վերականգնելու մեր միասնությունը, վերականգնելու այն ուժը, որն ամենակարողն է խոչընդոտներ հաղթահարելու՝ միասնությունն ու հոգեւոր ժառանգությունը, մեր հոգեւոր կեցվածքը, հոգեւոր կերպարը, փորձելով հնարավորինս լուծել մեր հայրենակիցների առաջ ծառացած սոցիալական խնդիրները, եւ պիտի ակնկալի արդարություն` սովորական, պարզ մարդկային արդարության, եւ ես էլ դա ակնկալելու եմ բոլորից` ինձնից, ավագանու անդամներից, համայնքապետարանի ցանկացած աշխատակցից, իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամից, իմ մերձավորներից, բոլոր վաղարշապատցիներից։ Մենք պիտի անցնենք մի ճանապարհ, որի արդյունքում ջինջ, մաքուր պարզ հայացքով նայենք միմյանց աչքերին, բաց ճակատով, որ մենք անցանք ճանապարհ, որի մեջ կար հաղթահարում. հաղթահարում այն ողջ ավերի, որը կա այսօր, հաղթահարում այն ողջ անարդարության, որը եղել է, հաղթահարում՝ մեր միասնությունը փլուզած ցանկացած խոչընդոտի։ Տարիները, որոնք իրար հետ պիտի անցնենք, պիտի բերեն հետագայում արձանագրած արդյունքների համար հպարտություն։ Հոգեւոր մայրաքաղաքում, նրա շուրջը պիտի ստեղծվի բանաձեւը՝ «այո՛, այսպես հնարավոր է, միասին, կողք-կողքի, ձեռք-ձեռքի»: Հնարավոր է՝ մեր հայրենիք Վաղարշապատում:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ» 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ» Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ թեժ քննարկում, ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև․ մանրամասներ․ «Ժողովուրդ» «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել․ «Հրապարակ» Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ» «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ» Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը․ «Հրապարակ» Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am