Բերման ենթարկումից մինչև ազատագրում. նոր սկիզբ Ուկրաինայում
Երեկ ողջ օրն աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի ուղղությամբ էր՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ բուռն իրադարձությունները... Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու նպատակով իրականացված հատուկ գործողությունը մեկնարկեցին երեկ վաղ առավոտից: Գլխավոր դատախազության քննիչներն ու Անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները, սակայն, Կիևի կենտրոնում գտնվող՝ Սաակաշվիլիի բնակարան մուտք գործեցին այն պահին, երբ նա` տեղեկանալով մեկնարկած գործողության մասին, արդեն լքել էր բնակարանն ու բարձրացել Կոստելնայա 7 հասցեում գտնվող ութ հարկանի այդ շենքի կտուր: Այնտեղից Սաակաշվիլին դիմում էր ներքևում հավաքված լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու իր այդ պահին դեռևս սակավաթիվ կողմնակիցներին: «Պորոշենկոն գող է և Ուկրաինայի դավաճան: Ես կոչ եմ անում ուկրաինացիներին դուրս գալ փողոց և քշել այդ գողերին: Թույլ մի տվեք որ Պորոշենկոն Ռուսաստանի նախագահի հրահանգով առևանգի ինձ: Ինձ հալածում են, որովհետև ես պաշտպանում եմ Ուկրաինայի ժողովրդի շահերը», ասում էր Վրաստանի նախկին նախագահը, որին այդ ճառից անմիջապես հետո հատուկ ջոկատայիններն ի վերջո կարողացան իջեցնել կտուրից: Ուկրաինական 5-րդ ալիքի տարածած տեսագրությունում հստակ երևում էր, որ Սաակաշվիիլին կտուրից իջեցնելու գործողությանը 10-ից ավելի ոստիկաններ էին մասնակցում: Իրավապահները, շրջապատելով Վրաստանի նախկին նախագահին, անում են ամեն ինչ, որպեսզի նա հանկարծ չմոտենա կտուրի եզրին: Շենքի շքամուտքում արդեն դատախազության ներկայացուցիչները Սաակաշվիլին հայտնեցին, որ նա բերման է ենթարկվում «Ուկրաինայի պետական կարգի տապալմանն ուղղված գործողություններին աջակցելու կասկածանքով»: Սրան ի պատասխան՝ Սաակաշվիլին հայտարարեց, որ գործը շինծու է, իսկ իրեն ձերբակալած իրավապահները հանցագործներ են: Այսքանով, սակայն, Սաակաշվիլիի ձերբակալությանն ուղեկցող անակնկալները չավարտվեցին: Մինչ հատուկջոկատայինները Վրաստանի նախկին նախագահին իջեցնում էին կտուրից և հետևելով օրենքով սահմանված ընթացակարգերին` նրան պատմում էին, թե ինչ կասկածանքով են բերման ենթարկում, հատուկ գործողության վայրում հասցրեցին հավաքվել Սաակաշվիլիի «Նոր Ուժերի շարժման» հարյուրավոր ակտիվիստներ: Նրանց հաջողվեց արգելափակել «Ֆորդ» մակնիշի այն միկրոավտոբուսը, որում այդ պահին գտնվում էր Սաակաշվիլիին: Իրավապահները այդպես էլ չհասցրեցին նրան տեղափոխել դատախազություն` քննչական գործողությունները շարունակելու նպատակով: «Ես պատրաստ եմ կյանքս զոհել հանուն Ուկրաինայի ազատության և օլիգարխներից երկրի ազատագրման: Ես կոչ եմ անում Կիևի բնակիչներին՝ հավաքվել Մայդանում և սկսել Պորոշենկոյից ազատվելու գործընթացը»,- մեքենայից դուրս գալուց հետո հայտարարում էր Սաակաշվիլին: Կեսօրին մոտ, Կիևի կենտրոնում ծավալված հակամարտությանը զուգահեռ, Ուկրաինայի Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն մամուլի ասուլիս հրավիրեց, որի ընթացքում լրագրողներին ներկայացրեց իրավապահների կողմից վերջին մեկ շաբաթում կատարած մի շարք գաղտնալսումները: Դատախազությունը, մասնավորաբար, մի ձայնագրություն հրապարակեց, որում, ըստ Լուցենկոյի, լսվում են Վրաստանի նախկին նախագահի և նրա ամենամերձավոր օլիգարխներից մեկի` 2014թ. Ուկրաինան լքած և այժմ Ռուսաստանում բնակվող օլիգարխ Վիկտոր Յանուկովիչի զինակից Սերգեյ Կուրչենկոյի ձայները: Ուկրաինայի գլխավոր դատախազի պնդմամբ՝ իրավապահներին հաջողվել է ապացույցներ ձեռք բերել առ այն, որ հենց Յանուկովիչի այս զինակիցն էր, որ ֆինանսավորել է Սաակաշվիլիի և նրա կողմնակիցների կազմակերպած վերջին բողոքի գործողությունները: Այլ կերպ ասած՝ Ուկրաինայի դատախազությունը հրապարակել է Սաակաշվիլիի կաշառվածության «ապացույցներ»: «Այս ձայնագրությունները ստանալուց հետո դատախազությունը դիմեց դատարան՝ գործով անցնող մի շարք կասկածյալների նկատմամբ հետախուզում հայտարարելու և ձերբակալության սանկցիա տրամադրելու միջնորդությամբ: Իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվածներից մեկի մոտ թղթադրամներով լի մի պայուսակ է հայտնաբերվել: Քննչական գործողությունների միջոցով հնարավոր է եղել պարզել, թե ուր են ուղղվել Կուրչենկոյի տրամադրած այդ գումարները: Դրանց միջոցով բողոքի ակցիաների կազմակերպիչները ավտոբուսներ են վարձել, հեռարձակումներ կազմակերպել, հոգացել են բողոքի ակցիաների մասնակիցներին սննդամթերքով ապահովելու հարցը, ինչպես նաև տարբեր անձանց են կաշառել` այդ թվում լրագրողների»,- հայտարարում էր Ուկրաինայի գլխավոր դատախազը: Այսպես, Սաակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար, սահմանադրական կարգի տապալման փորձի համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Կրեմլը «հետաքրքրությամբ հետևում է» Կիևում Սաակաշվիլիի ձերբակալությանը: Նա, մեկնաբանելով ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ «դա Ուկրաինայի գլխացավն է, ինչը թշնամուն էլ չես ցանկանա»: «Մենք հետաքրքրությամբ հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին: Իհարկե, դա Ուկրաինայի գլխացավանքն է, նման բան երևի թշնամուն էլ չես ցանկանա, ես այդպես կասեի: Չնայած, իհարկե, ուկրաինացի ժողովրդին թշնամի մենք չենք համարում», ասել է Դմիտրի Պեսկովը: Իսկ ահա պաշտոնական Թբիլիսիի արձագանքն ուշագրավ էր: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հույս հայտնեց, որ Կիևում գտնվող երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անվտանգությունը կապահովվի. «Կիևում տեղի ունեցող գործընթացներն Ուկրաինայի ներքին գործերն են, սակայն միևնույն ժամանակ իրադարձությունների կենտրոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: Հուսով ենք, որ նրա անվտանգությունը կապահովվի»: Ինչպես երևում է, Սաակաշվիլին անդրդվելի է, և հետ չի կանգնելու իր պայքարից: Լինելով հախուռն, զգացմունքային կերպար, նրա գործողություններն էլ, երբեմն, շատերին անհասկանալի են: Բայց պարզ է մի բան, Սաակաշվիլին, եթե ձգտում է մի բանի՝ հասնում է դրան՝ անկախ ձևերից: Նրա համար շարժիչ ուժ է այն, որ նա հավատում է իր պայքարի ճշգրիտ լինելուն ու արդյունավետությանը: Ճիշտ այդպես Սաակաշվիլին Վրաստանում հասավ արդյունքների: Ուկրաինայում այսօր, իսկապես, խառը ժամանակներ են, ու հենց այս իրավիճակում վճռորոշ են լինելու Սաակաշվիլիի հետագա գործողություններն ու այդ գործողությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքը: Այլ կերպ ասած՝ Ուկրաինայում Սաակաշվիլիիով երեկվանից նոր սկիզբ մեկնարկեց: Թամար Բագրատունի