Ադրբեջանում ցմահ կալանավորված ոստիկանության նախկին գնդապետը ինքնասպանություն է գործել
Ադրբեջանում ոստիկանության նախկին գնդապետ և հանցավոր խմբի ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Հաջի Մամեդովը ինքնասպանություն է գործել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հայտնել է, որ փաստի առնչությամբ «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով քրեական գործ է հարուցվել: Հաջի Մամեդովը և ևս 26 անձինք ձերբակալվել էին 2005 թվականին Ազգային անվտանգության նախարարության՝ «Սև գոտի» գաղտնանվամբ հատուկ գործողության արդյունքում: Պարզվել է, որ գանգստերների խումբը՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության գնդապետ Հաջի Մամեդովի գլխավորությամբ, ներգրավված է եղել Միջազգային բանկի ղեկավարի կնոջ առևանգման և նրա համար փրկագին պահանջելու գործում, հանցագործները ներգրավված են եղել նաև այլ առևանգումների, սպանությունների և դրամաշորթության գործերում: Խմբի կազմում եղել են նաև ոստիկանության մի քանի սպաներ:
