Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի վերջին շաբաթն արդեն մի քանի տարի է, ինչ սահմանվել է «Քաղաքացու օր»: Սա նորահայտ «տոն» է, զուտ փաշինյանական, որն այդպես էլ չընդունվեց հասարակության կողմից, բացի քպականներից:

Դնենք մի կողմ, թե ինչու ու հատկապես ինչ նպատակներով նման մի «տոն» սահմանվեց, թեպետ տարածված հիմնական ընկալումն այն է, որ այդպիսով Փաշինյանն ընդամենը փառաբանության առարկա էր դարձնում, այսպես ասած, «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»: Հատկանշական է, որ նորահայտ «տոնը» զուտ նոմենկլատուրային, իշխանական բնույթ ունի, ինչը բացահայտում է դրա բովանդակազուրկ և շինծու էությունը: Քաղաքացին պիտի գնահատված լինի, որ մի հատ էլ Քաղաքացու օր նշվի...

Ստացվեց այնպես, որ այս տարի ապրիլի վերջին շաբաթը ամսի 26-ին էր: Այդ օրը՝ 3 տարի առաջ, Փաշինյանի թիկնազորքի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով կյանքից զրկվեցին Սոնա Մնացականյանը և նրա չծնված երեխան: Ոչ ոք մինչև օրս դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Մի խումբ քաղաքացիներ, կարելի է ասել՝ ինքնակազմակերպվելով, այս ապրիլի 26-ին վրաերթի վայրում Սոնա Մնացականյանի և նրա չծնված բալիկի հիշատակի մոմավառություն էին նախաձեռնել: Ու, ի տարբերություն «Քաղաքացու օրվա», որ լրահոսում հետին պլան էր մղվել, այս իրադարձությունը բոլոր լրատվակայքերի «առաջին էջերին» էր:

Պետք է ասել, որ չափազանց խորհրդանշական էր: Այն առումով, որ բառացիորեն օրերս լրանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանավարման 7-րդ տարին: Իսկ ի՞նչ է Փաշինյանի իշխանավարումը, եթե ոչ, ինքնին, մի մեծ ու աղետային վրաերթ՝ ՀՀ շուրջ 3 միլիոն քաղաքացիների ու նրանց հիմնարար իրավունքների նկատմամբ:

Դիտարկենք, օրինակ՝ սոցիալական իրավունքները: Դեռ մի կողմ դնենք վիճակագրության թվերն ու դրանցով իշխանությունների մշտական մանիպուլ յացիաները: «Գետնի վրա» ի՞նչ կա: Փաշինյանի իշխանության, կառավարության ամեն մի հերթական «ֆինանսատնտեսական» որոշում, հատկապես վերջին 2-3 տարվա ընթացքում, ընդունվում է քաղաքացիների գրպանները մտնելու նպատակով՝ լինի դա գործող հարկային դրույքաչափերի բարձրացումը, տեղական վճարների կտրուկ թանկացումը, թե հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված բարձրացումը: Հենց միայն շրջանառության հարկը հանելու և հազարավոր տնտեսվարողների «ընդհանուր դաշտ» մտցնելու փաշինյանական մոտեցումներն ինչ ասես՝ արժեն: Օրումեջ բողոքի ցույցեր են, մարդիկ հարկադրված են կա՛մ իրենց փոքր ու միջին բիզնեսի տապանաքարերը դնել, կա՛մ ստիպված օրինախախտ դառնալ, կա՛մ էլ պարզապես թողնել ու հեռանալ Հայաստանից:

Կարճ ասած, Փաշինյանն ու նրա իշխանությունը հայ ժողովրդին դիտարկում են, իրենց իսկ լեքսիկոնով ասած, որպես «տուգանքի մատերիալ» կամ «կթու կով»:

Փաշինյանի իշխանությունը խայտառակ վրաերթ է քաղաքացիների խոսքի ու բողոքի հիմնարար ազատությունների նկատմամբ: Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ կիսագրագետ որևէ պարեկ կարող է հարձակվել պաշտոնական շարասյան համար 30 րոպեից ավել բանուկ փողոցի «փակված» վիճակից բողոքող վարորդի վրա, այլ ոստիկանների հետ մարդուն փռել ասֆալտին ու քարշ տալ դեպի ոստիկանական բաժանմունք: Դա բնութագրական օրինակ է: Ինչպես և այն, որ երբ քաղաքացիների որևէ խումբ բողոքի ակցիա է իրականացնում, անմիջապես հայտնվում են ոստիկանական «երփներանգ» բերետակիր ստորաբաժանումներ, հաճախ՝ բողոքողներից մի 10-15 անգամ ավելի շատ, ու, որպես կանոն, հարձակվում են ցուցարարների վրա, քաշքշում, անհամաչափ ուժ և բռնություն գործադրում:

Փաշինյանը Հայաստանը վերածել է քստմնելի ոստիկանապետության, իսկ նրա ոստիկանախմբերի նման ագրեսիվ դրսևորման հիմնական նպատակը ամեն կերպ քաղաքացիներին ճնշելն է, ժողովրդին ահաբեկելը: Մենք դեռ չենք խոսում անզեն, խաղաղ ցույցի մասնակիցների, հատկապես՝ կանանց, տարեց մարդկանց վրա Փաշինյանի ոստիկանության կողմից շուրջ 30 բեկորային նռնակներ նետելու և մոտ 100 խաղաղ ցուցարարի կանխամտածված վնասվածքներ պատճառելու խայտառակության մասին:

Փաշինյանի իշխանավարումը խայտառակ ու աղետային վրաերթ է քաղաքացիների կենսատարածքի, անվտանգ ու ֆիզիկապես ապրելու նրանց հիմնարար իրավունքի նկատմամբ: Ու խոսքը միայն Կիրանցի, Ոսկեպարի, Խոզնավարի, Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի և նշված բնակավայրերում ապրող քաղաքացիների մասին չէ: Բոլոր քաղաքացիների կենսատարածքն է կրճատվում, մեծ հաշվով: Մարդիկ ոչ միայն ապրում, այլև մի կետից մյուսն են տեղափոխվում՝ բացարձակ անպաշտպանվածության զգացումով:

Փաշինյանի իշխանավարումը վրաերթ է քաղաքացիների ազգային ինքնության, ազգային ինքնագիտակցության հիմքերի վրա՝ սկսած կրթությունից, վերջացրած ազգային եկեղեցու՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ չգիտեմինչակրաց արշավանքով, որ իրականացնում են ՔՊ-ն, իրենց առաջնորդն ու նրանց հետ փոխկապակցված շրջանակները:

Փաշինյանն իր «տոնական» ուղերձում ասել է, ավելի ճիշտ՝ իրեն բնորոշ ոգով ձեռք է առել ժողովրդին՝ հայտարարելով, թե՝ 7 տարի է, ինչ «բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում»: Սա ասում է ղեկավարը մի քաղկազմակերպության (ՔՊ) ու մի կառավարության, որը բոլոր մերժելի եղանակներով, ոստիկանական բռնություններով, այլ «կուլիսային» ճնշումներով, երբեմն էլ ուղղակի ուժային միջամտությամբ, չեղարկել է ժողովրդի կամընտրության արդյունքները՝ ձերբակալել, կալանավորել է Վանաձորի ընտրված քաղաքապետին, զավթել է իշխանությունը Ալավերդիում և այլն, և այլն: Դեռ չենք խոսում Գյումրիում քաղաքային իշխանությունը գրավելու խայտառակության մասին, որից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ՔՊ-ն հանրագումարում ձախողվեց:

Շարքը շարունակելի է: Ու այսքանից հետո ո՞նց կարելի է խոսել Քաղաքացու օրվա մասին: Բայց Փաշինյանը ՀՀ քաղաքացիների համար դեռ մեկ դրական բան կարող է անել: Հեռանալ: Ու երևի թե այդ օրն իսկապես համաժողովրդական տոնախմբություն կլինի: Ոչ օրացուցային, այլ իսկական տոն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am