«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Հայկը առաջնեկս է: Բոլորի կողմից սիրված էր, սպասված: Հայկին ամեն ինչ հետաքրքիր էր, պրպտող էր: Ամուսինս հմուտ է ամեն ինչ նորոգելու հարցում, մեր տանը չկա մի բան, որ կոտրած կամ փչացած մնա: Հայրիկին տեսնելով՝ Հայկն էլ խաղալիքները քանդում էր, հավաքում: Համալսարանի 2-րդ կուրսում սովորելու ժամանակ երիտասարդ գիտնականների գիտաժողովում սերտիֆիկատ ստացավ: Ծխի դետեկտոր էր ստեղծել, որ գազային հարձակման ժամանակ մարդկանց պաշտպանի: Դպրոցում 4-5-րդ դասարանում Բնագիտություն առարկան էինք անցնում, որը ես էի դասավանդում: Տուն եկա, տարբեր իրեր էր շարել տնով մեկ, բարկացա, որ տունը կարգի բերի: Ասաց, որ թողնեմ «հավերժական շարժիչ» ստանա: Քանդել-հավաքելու իր սերը նաև պատերազմի դաշտում է դրսևորվել: Ընկերները պատմում են՝ Հայկն ասում էր. «Ինձ մի փոքրիկ երկաթ, անհրաժեշտ մատերիալ տվեք, ինչ պետք է, կսարքեմ»: Զինակից տղաներն ասում են՝ Հայկն ամեն ինչից գլուխ էր հանում, որ նա մեզ հետ էր լինում, գիտեինք՝ փրկված ենք, այստեղից էլ դուրս կգանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարգարիտը՝ Հայկի մայրիկը: Նշում է՝ որդին շատ գեղեցիկ էր նկարում: «Երևի 2-3րդ դասարանում էր սովորում, ասաց՝ մա՛մ, ինձ համար գայլն ու մարդը կնկարե՞ս: Նկարեցի, իմ նկարածը չհավանեց՝ քո գայլը ոնց որ աղվես լինի: Ես էլ իմ նկարածը պատռեցի, ասացի՝ դու նկարիր: Եվ նկարեց, կարծես իրական լիներ: Հասկացանք, որ Հայկս նաև նկարելու տաղանդ ունի: Հայկիս նկարներից որոշները փակցված են տան պատին»:

Տիկին Մարգարիտը նշում է՝ որդին շատ հետաքրքրասեր էր: «Մի օր տանը մաքրություն էինք անում, պահարաններն էի դատարկում, ակորդեոն տեսավ: Վերցրեց այն, կախեց գործիքն իր թևերից ու ասաց՝ պետք է նվագել սովորեմ: Առաջին դասարանից իր ցանկությամբ, իր համառության շնորհիվ նաև ակորդեոնի դասերի հաճախեց: Միշտ ասում էր. «Մա՛մ, չեմ կարող արտահայտություն չկա, չեմ ուզում կա»: Փոքր տարիքում քրոջս օգնությամբ անգլերենով բոլոր կենդանիների անունները սովորել էր: Քույրիկս նաև պատմություն էր պարապում այն ժամանակ, երբ Հայկս փոքր էր: Երբ միասին ժամանակ էին անցկացնում, քույրիկս գիրքը բացում էր, Հայկին հարցնում՝ Անին ո՞ւմ մոտ է: Տղաս արձագանքում էր՝ թուրքի մոտ: Մորաքույրը հաջորդ հարցն էր տալիս՝ ի՞նչ անենք: Հայկն անմիջապես պատասխանում էր՝ կռվենք, հետ բերենք: Հանրապետության մասշտաբով շախմատի երկրորդ կարգի վարպետ էր: Երբ ընդունվեց համալսարան, սկսեց նաև շախմատի ակադեմիա հաճախել, բայց փոքրուց ես եմ շախմատ խաղալ սովորեցրել: Իրեն հանձնարարում էի գիրք կարդալ, և պայմանավորվում էինք՝ վերջացնելուց հետո շախմատ ենք խաղալու: Հիմա դպրոցում ամեն տարի Հայկիս ծննդյան օրը շախմատի հուշամրցաշար են անցկացնում: Օլիմպիադաներում մեկը մյուսի հետևից հաղթանակներ էր գրանցում: Անընդհատ գովասանագիր ու պատվոգիր էր ստանում, ամբողջ մարզից Հայկս ու Նարեկս՝ որպես աչքի ընկնող, բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներ, լինում էին կառավարության շենքում, մասնակցում միջոցառումների»:

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ՝ բարձր բալերով և անվճար հիմքունքներով: «Դպրոցի ավարտական դասարաններում մտածում էր, որ պետք է ծրագրավորում սովորի, սակայն 12-րդ դասարանում էր, երբ Ապրիլ յան պատերազմին ականատես դարձանք: Պատերազմից հետո փոխեց իր մասնագիտական ընտրությունը, ասաց՝ պետք է զենք ստեղծեմ: Մի քանի քայլ արել էր, որոնք կիսատ մնացին: Համալսարանում սովորեց ՊՆ ծրագրով: Հինգ տարի սովորելուց և դիպլոմայինը պաշտպանելուց հետո զորակոչվեց բանակ, վիճակահանության արդյունքում ծառայում էր Կապանում: Հիշում եմ՝ այդ օրը զանգահարեց, տխուր էր՝ իմ բոլոր կուրսեցիները Քարվաճառ, Ստեփանակերտ ընկան, իսկ ես՝ Կապան»:

Ծառայության օրերին Հայկը ներգրավվել է 44-օրյա պատերազմում: «Ջրականում 6-7 օր զորավարժությունների էին, երբ սկսվեց պատերազմը: Այդ ժամանակ շրջափակման մեջ էին ընկել: Զինակից ընկերներն են պատմում, որ Հայկն ասել է՝ գերի չեմ ընկնի: Գիշերով ճանապարհ է փնտրել, գտել և դուրս եկել: Տղաներին ասել է՝ կապ կտամ ձեզ, դուք էլ դուրս կգաք: Իր ենթակայության տակ գտնվող զինվորներին դուրս էր բերել: Իր լավ ծառայության համար Հայկը պետք է բարձրագույն պարգևների արժանանար, այդ մասին դիմումները կան: Բայց պատերազմի ընթացքում վիճաբանություն է ունեցել բարձրագույն ղեկավարության հետ այն պատճառով, որ վերջիններս ժամկետային զինծառայողներին անուշադրության են մատնել: Չեմ մոռանում՝ երբ պատերազմից վերադարձավ, գնացի իր մոտ, վազեցի, որ համբուրեմ, թույլ չտվեց: Կարծես վատ զգար, որ վերադարձել է. «Մա՛մ, շատ երեխեք տուն չեկան, անգամ մի տնից երկու տղա»: Ասաց՝ պարտվեցինք: Ես էլ իրեն հակադարձեցի՝ շախմա՞տ էր, որ պարտվեցիք: «Մամա՛, թողեցին, փախան, չպահեցին հողը»:

Մեզ մոտ սրբավայր կա, պատերազմի օրերին գնում էի, ծնկած աղոթում՝ Աստված ջան, Հայկս դարպասը բացի, ներս մտնի, ինչ անելու ես, ինձ արա: 44-օրյա պատերազմից հետո հիվանդացա, քաղցկեղի ճիրաններում հայտնվեցի: Հայկս այդ ժամանակ շատ ծանր օրեր ապրեց, ինձ ասում էր՝ մա՛մ ջան, դու կփրկվես»:

Հայկը վերադառնում է 44-օրյա պատերազմից: «Երբ վերադարձավ, ձեռքը խնդիր ուներ, անընդհատ գալիս էր Մուրացանի հոսպիտալ, իրեն ասացի, որ դուրս գա ծառայությունից: «Մա՛մ,«նիգոդնի՞» ավարտեմ ծառայությունս, որ հետո չկարողանամ ղեկավար աշխատել: Նման բան չի լինի, դասալիք չեմ»:

44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո Հայկը ծառայությունը շարունակում է Սիսիան-Նորավանում: Վրա է հասնում 2022 թ. սեպտեմբերյան պատերազմը: «Երբ պատերազմն սկսվեց, Հայկս զանգեց հայրիկին՝ պա՛պ, Վարդենիսից ի՞նչ կա: «Պատերազմ է, Հա՛յկ ջան, քո մոտ ի՞նչ կա»: Արձագանքեց, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց իր մոտ էլ էր պատերազմ: Հայկիս դեպքը եղել է սեպտեմբերի 14ին: Այդ օրն առավոտյան խոսել ենք իր հետ: Նարեկիս՝ մյուս տղայիս զանգեցի, որ տեսնեմ՝ խոսե՞լ է Հայկիս հետ: Ժամը 11:30 էր: Հայկիս դեպքը եղել է 12-ին 15 պակաս: Տեսել է, որ օդում ԱԹՍ կա, տղաներին ասել է, որ թաքնվեն խրամատում: Նա ցանկացել է չեզոքացնել ԱԹՍ-ն, բայց արդյունքում հարվածն իր վրա է վերցրել: Հեռախոսն առանց անջատելու գցել է գրպանը, Նարեկը լսել է ձայները, ինչ-որ պահի Հայկը դարձել է անհասանելի: Իսկ ժամը 12-ին հրադադար եղավ: Երևի մեկ ժամ անց Վարդենիսում արդեն լուրը տարածվել է: Բոլորը մտածել էին, թե ինձ ինչպես հայտնեն լուրը. «Մարգարիտը կխելագարվի առանց Հայկի»: Հայկիս անմիջապես տարել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղից էլ՝ Երևան: Հոկտեմբերի 16-ին արդեն Հայկի հետ «վերադարձել» ենք իր հայրենի Վարդենիս»: Հայկն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում:

Ապրելու ուժի մասին: «Հայկը գիտության մարդ էր ուզում դառնալ: ԵՊՀ-ում երկրորդ կուրսից աշխատում էր, գիտաշխատող էր: Իր աշխատանքով մեքենա էր գնել, հիփոթեքով տուն Երևանում, ընկերուհի ուներ, ցանկանում էր ընտանիք կազմել: Կատարյալի էր ձգտում: Նարեկին՝ փոքր եղբորն, ամեն հարցում սատարում էր: Նարեկը եղբոր համար կարծես սրբություն լիներ: Ու հիմա ես հանուն Նարեկիս եմ ամուր մնում: Դպրոցում դասավանդելիս մի քիչ մտքերս ցրվում են, բայց միջանցքում տեսնում եմ Հայկիս նկարը և կրկին ալեկոծվում: Ես գիտեմ, թե Հայկս Երևանում է, Սիսիանում է, Կապանում է»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ, կապի պետ Հայկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am