Երևանում Mercedes-ի վարորդի մոտ հայտնաբերվել են «կոկաին» և «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցներ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Զ․-ն իր մոտ թմրամիջոց է պահում, ով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները հունվարի 10-ին, հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նա գտնվում է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում, որտեղ էլ մեկնելով քրեական ոստիկանները նրան հայտնաբերում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։
Վերջինը թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է Երևանի քրեական ոստիկանություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնցից մեկում եղել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված՝ ընդհանուր 0․34 գրամ, մյուսում՝ «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0․97 գրամ զանգվածով։