ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն
Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի հերթական նիստում:
«Մենք առաջարկում ենք, որ համապատասխան լիազոր մարմինը` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, օրենքն ընդունելուց հետո հրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները, այդ թվում` ե'ւ կարճ, ե'ւ վոկալային, ե'ւ գործիքային տարբերակները, եւ դա կլինի բացառապես ՀՀ պաշտոնական օրհներգը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, ողջունելով առաջարկվող փոփոխությունները, կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ:
Մտքերի փոխանակության ձեւաչափով պատգամավորներն անդրադարձել են օրհներգի կատարման խախտումներին վերաբերող դեպքերին:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ չափազանց կարեւոր հարց է քննարկվում, սակայն նրա կարծիքով նախագիծը պատրաստ չէ ԱԺ լիագումար նիստում ներկայացման: Նա տեղեկացրել է, որ չեն մասնակցի նախագծի քվեարկությանը` առաջարկելով կազմակերպել աշխատանքային քննարկում եւ ամբողջացնել այն:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: