Ուկրաինան ակնկալում է Արեւմուտքից ստանալ 126 մլրդ դոլար 2025թ. պատերազմը շարունակելու համար
Ուկրաինան Արեւմուտքից ակնկալում է 126 մլրդ դոլարի օգնություն, որպեսզի դիմակայի Ռուսաստանին 2025թ., The Wall Street Journal-ին (WSJ) տեղեկացրել է ուկրաինացի աղբյուրը։
Նրա խոսքով՝ Կիեւում հասկանում են, որ առաջիկայում Ուկրաինան չի կարող միանալ ՆԱՏՕ-ին։ Դրա փոխարեն երկրի իշխանություններն ակնկալում են ավելացնել ռազմական օգնությունն Արեւմուտքից, որպեսզի «փոխհատուցեն Ռուսաստանի սրընթաց աճող ռազմական ծախսերին»։
Գումարը, որն ակնկալում է Կիեւը, շատ ավելին է, քան արեւմտյան երկրները համաձայնեցրել են Վաշինգտոնում հուլիսի 9-11-ին ՆԱՏՕ գագաթաժողովում։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն պայմանավորվել էր 43,3 մլրդ դոլարի չափով։
Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ արեւմտյան օգնությունը չի ապահովում Ուկրաինայի ԶՈւ պահանջները։ Իսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մտադիր է կրճատել Կիեւի աջակցությունը եւ այն դնել ԵՄ երկրների վրա։
ԱՄՆ Հաշվիչ պալատի տվյալներով՝ Բայդենի վարչակազմի օրոք Կոնգրեսը հատկացրել է ավելի քան 174 մլրդ դոլար Ուկրաինայի օգնությանը։ Այդ գումարով մատակարարվել են զենք եւ զինամթերքներ, ցուցաբերվել է տնտեսական եւ հումանիտար աջակցություն։ Վաշինգտոնը տրամադրել է 71 փաթեթ ռազմական օգնություն։
ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը օգոստոսի վերջին գնահատել էր ռազմական մատակարարումների արժեքը՝ 43 մլրդ եվրո։ Մոտ 100 մլրդ էլ տրվել է Կիեւին որպես քաղաքացիական օգնություն։ Բորելը նշել է, որ Բրյուսելն Ուկրաինայիի աջակցության համար օգտագործում է նաեւ ռուսական սառեցված ակտիվները։
Թրամփը հայտնել է, որ պատրաստ է վերջ դնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին 2025թ. հունվարի 20-ի երդմնակալությունից անմիջապես հետո։ Պատերազմի ավարտի բոլոր առաջարկները հանգում են ճակատի ընթացիկ գծի սառեցմանը։
Gallup-ի վերջին հարցման համաձայն՝ Ուկրաինայի բնակիչները հոգնած են երրորդ տարին շարունակվող պատերազմից։ Բնակչության կեսից ավելին (52 տոկոս) աջակցում է Ռուսաստանի հետ բանակցությունների գաղափարին, որպեսզի ռազմական գործողություններն ավարտվեն «որքան հնարավոր է շուտ»։ 2023թ. այդպես կարծող ուկրաինացիների թիվը կազմել է 27 տոկոս։ Նրանց թիվը, ովքեր կողմ են պատերազմի շարունակմանը մինչեւ Ուկրաինայի հաղթանակ, կրճատվել է՝ 63-ից հասնելով 38 տոկոսի 2024թ.։