Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր հանցավոր թիմը․ Ղազարյան
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։
Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղորդագրություն է, որը ցույց է տալիս այն ողջ տգիտությունը և խայտառակությունը, որը գոյություն ունի այդ անունը կրող հանցախմբի ներսում։
«Կոնֆիդենցիալ» տեղեկատվությունը հայերենում գաղտնի տեղեկատվությունն է։ Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք կրող չէ, իսկ եթե նա պետական գաղտնիքի է տիրապետել ու հրապարակել, ապա դա քրեական հանցագործություն է, որը նրա պարագայում ոչ միայն ապացուցված չէ, այլև անգամ մեղադրանք չի առաջադրվել։
«Կուսակցական գաղտնիք» հասկացություն գոյություն չունի, ի տարբերություն օրինակ «պետական գաղտնիք», «առևտրային գաղտնիք», «բանկային գաղտնիք», «անձնական գաղտնիք» հասկացությունների։ Կուսակցությունների գործունեության սկզբունքներից է ոչ թե գաղտնիությունը, այլ հակառակը` հրապարակայնությունը։
Ինչ վերաբերում է «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներին», ապա Ազգային ժողովի պատգամավորի պարագայում, դա ենթադրում է համապատասխան էթիկայի հանձնաժողովի ստեղծում և դրա եզրակացություն, որը չի արվել։ Հովիկ Աղազարյանի միակ «հանցանք»-ը վարչապետի պահանջով Ազգային ժողովի պատգամավորի իր լիազորություններից հրաժարվելու հանձնարարությունը կատարելը մերժելն է, ինչը, չնայած իր պարագայում անձնական շահերի, նա պարզապես պահպանել է Սահմանադրական կարգը։
Սրանով Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր հանցավոր թիմը, սակայն հասկանում է, որ վաղուց կորցրել է հանրության աջակցությունը։ Նրա հանցախումբն առավելագույնը 200 հոգի է, իսկ հանրությունը` 2.000.000-ից ավել։ Հեշտ է պատկերացնել, թե ինչ է սպասվում այդ 200 «համախմբված» գաղտնասեր խմբին, երբ նրանք դուրս են եկել 2.000.000-ի դեմ պայքարի։ Այդ հարցում, թիմի ներսում նրանց լավագույն խորհրդատուն կարող է լինել միայն Արարատ Միրզոյանը։