Գյումրեցիները կուլ կգնա՞ն Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիում նախնական ընտրություններ է հայտարարել, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։
Անկեղծ ասած՝ ես Հայաստանի քաղաքական պատմության մեջ այսպիսի նախադեպ չեմ հիշում, առավել ևս՝ ընտրովի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատարի համար: ՔՊ-ի արդեն փորձարկված մեթոդին ծանոթ ենք, երբ, քրեական գործ հարուցելով կամ ավագանու անդամներին ահաբեկելով, հեռացնում են քվեարկությամբ ընտրված թեկնածուին և փոխարենը նշանակում են իրենց թիմակցին: Այսինքն ՆՇԱՆԱԿՈՒՄ են, ոչ թե ընտրում:
Իհարկե, իրենց ՔՊ-ական գործն է, թե իրենց «թայֆայից» ումը կընտրեն, բայց դա, շեշտում եմ, բացառապես իրենց «թայֆայի» գործն է», ի՞նչ կապ ունեն Գյումրիի մյուս բնակիչները, ովքեր ոչ միայն ՔՊ անդամ չեն, այլև մերժում են ՔՊ-ն:
Բայց նույնիսկ այս դեպքում բազմաթիվ հարցեր են առաջանում. ովքե՞ր են կազմակերպելու այդ «նախնական ընտրությունները», ովքե՞ր են լինելու ընտրողները, նրանք բացառապես Գյումրիի բնակիչնե՞ր են, թե՞, օրինակ, էջմիածնեցիներն էլ կարող են մասնակցել: Իսկ Գյումրիի բնակիչներից միայն ՔՊ անդամնե՞րն են մասնակցելու, նրանք անուն առ անուն հայտնի՞ են, քանի՞սն են, որտեղից և ի՞նչ միջոցների հաշվին է անցկացվելու այդ «նախնական ընտրությունը»: Իսկ ինչպե՞ս են թեկնածուներն առաջադրվելու, ո՞վ է նրանց գրանցելու:
Եվ այս ամենը միայն ժամանակավոր պաշտոնակատար ՆՇԱՆԱԿԵԼՈՒ համա՞ր:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սա հենց այնպես չի մոգոնում: Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Գյումրիի ՔՊ մասնաճյուղում քաոսային իրավիճակ է, չեն կարողանում թեկնածու ընտրել՝ առաջիկա ընտրություններում առաջադրելու համար: Միևնույն ժամանակ դա ցույց է տալիս, որ հանրապետության երկրորդ քաղաքում ՔՊ-ն արդար ընտրություններում հաղթելու ոչ մի շանս չունի, իսկ կոալիցիա կազմելու համար գործընկեր չի գտնի, որովհետև այն, ինչ Փաշինյանն արեց «Բալասանյան» դաշինքի հետ, դաս է լինելու մյուսների համար:
Մյուս կողմից էլ՝ արտահերթ ընտրություններ նշանակելու համար օրենքով սահմանված ժամկետներ կան և Փաշինյանը դրա հետ հաշվի չնստել չի կարող: Այդ դեպքում նրա ինչի՞ն է պետք այս շոուն: Հարցին մի քանի պատասխան կարելի է գտնել և առաջինն այն է, որ Փաշինյանը, մինչև քաղաքապետի ընտրությունները, ցանկանում է Գյումրիում վարչական լծակների վրա լիակատար վերահսկողություն ստանալ: Մյուսն էլ այն է, որ մոտ ժամանակներս Փաշինյանն անհամբեր սպասում է ինչ-որ արտառոց իրադարձության, որը հայտնի է միայն իրեն կամ իր մերձավորագույն թիմին, և այդ իրադարձությունը կարող է արմատապես իրավիճակ փոխել ամբողջ երկրում: Մնում է միայն ժամանակ շահել, իսկ այդ «շիլաշփոթի» ընթացքում Գյումրին «զավթելը» տեխնիկայի հարց է լինելու:
Բայց հարցերի հարցն այն է, թե գյումրեցիները կուլ կգնա՞ն Փաշինյանին:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից