Նախօրեի 53+ ամոթալի, նողկալի հանդիպմանը ...Հասկացողը հասկացավ....
Նախօրեի 53+ ամոթալի, նողկալի հանդիպմանը կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի մասնակցության վերաբերյալ նախորդ գրածիս ընկերներիցս արձագանքեցին, որ ինքը ոչ թե հատուկ հրավերով մասնակցել է, այլ տվյալ ռեստորանում աշխատում է:
Լավ: Գրածս փակեցի, բայց հիշեցի Ստեփան Զորյանի «Երգիչը» հանճարեղ պատմվածքը: Փոքր տարիքում եմ կարդացել, աղոտ եմ հիշում, բայց սյուժեն սպանիչ է:
Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկում թուրքերը խրախճանք են կազմակերպում, ներկա են լինում հայեր, կարծեմ՝ գերեվարված, որոնց մեջ մի հայ երգիչ է լինում: Երբ քեֆը տաքանում է, թուրքերը առաջարկում են երգչին մի բան երգել իրենց համար: Երգիչը չի կատարում, թուրքերը սկսում են կամաց-կամաց ստիպել երգչին, որ մի բան երգի իրենց բաժակին: Ու հանկարծ երգիչը վերցնում է սեղանին դրված դանակն ու խրում կոկորդը՝ մինչ դա մի նախադասություն ասելով:
Երբ նա գետնին ընկած խռխռալով մահանում է, թուրքերը հարցնում են մյուս հային՝ ի՞նչ ասաց նա ինքնասպանությունից առաջ: Հայը թարգմանում է թուրքերեն նրա խոսքերը. «Իմ կոկորդը չի՛ կարող ուրախացնել ձեզ....»
Էսքան բան: Հասկացողը հասկացավ....
Վահե Սարգսյան