«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտյոմը ծնվել է Մոսկվայում: Նա տան երրորդ՝ կրտսեր երեխան է, ավագ եղբայր ու քույր ունի, նրանք ծնվել են Հայաստանում: «Փոքրուց շատ հանգիստ բնավորություն ուներ: Շիշկին լես գյուղում մանկապարտեզ է հաճախել, իսկ հետո՝ դպրոց: Զուգահեռաբար նաև երաժշտական դպրոց էր հաճախում: Նվագել է դաշնամուր, կիթառ, մասնակցել է շատ փառատոնների: 14-15 տարեկան էր, եկանք Հայաստան՝ անձնագիր ստանալու: Այդ ժամանակ պետք է մրցույթի մեկներ, որին մասնակցում էր երեսուն դպրոց Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Արտյոմը երգեց «Դլե յամանը» և առաջին տեղը գրավեց: Շատ փառատոնների և մրցույթների է մասնակցել: Իր ուժերով ընդունվեց Մոսկվայի թատերական «ГИТИС» ինստիտուտի «Ռեժիսուրայի» ֆակուլտետ: Տարեկան վճարը 500 հազար ռուբլի էր, բայց նա ընդունվեց անվճար: Այնքան չարչարվեց, ընդունվեց, բայց իր սովորածի արդյունքները չվայելեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արտյոմի մայրիկը:

Հավելում է՝ կարծում էին, որ որդին կավարտի ուսումը, հետո նոր միայն բանակ կզորակոչվի: Բայց երկու տարի սովորելուց հետո որոշեց՝ կգնամ Հայաստան, կծառայեմ, հետո կգամ և ուսումս կշարունակեմ: Քննությունները շուտ հանձնեց, տարկետում վերցրեց, ու եկանք Հայաստան»: 2019 թ.-ի հուլիսի 1-ին Արտյոմը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Ջրական: «Այն հաշվարկով գնաց, որ հուլիսի 1-ին կզորացրվեր և իր կուրսեցիների հետ ավարտական միջոցառմանը կմասնակցեր»: Մայրիկի խոսքով, ծառայության ամիսներին որդին երբեք ոչնչից չի դժգոհել, բայց սկսվեց պատերազմը, որը տակն ու վրա արեց ամեն ինչ: Ջրականում Արտյոմը ծանր մարտերի միջով է անցել:


«Երբ Ջրականից դուրս էին եկել, զանգեց՝ եթե այստեղից դուրս եմ եկել, ուրեմն ինձ ոչինչ չի լինի, մա՛մ ջան, Աստված իմ թիկունքին է: Երեխես ու մյուս տղաները ոտքով ճանապարհ են ընկել, չորս օր քայլելով՝ Ջրականից հասել Հադրութ, ոչ մի քերծվածք չի ունեցել, ոչ մի վնասվածք: Թե ինչո՞ւ այսպես եղավ: Արտյոմից չորս օր զանգ չունեինք, խառնվել էինք իրար: Անծանոթ համարից զանգ ստացանք: Նա էր: Ոտքով հասել էին Հադրութ, վիրավոր զինվորին շալակած հասցրել էր այնտեղ: Տղաներից մեկը ճանապարհին կորել էր: Հադրութի գյուղապետի տանն էին հայտնվել: Նա ասել էր. «Երեխե՛ք ջան, ձեզ կկերակրեմ, հեռախոս կտամ, որ զանգեք ու տեղեկացնեք՝ ողջ եք: Հետո ձեզ Հադրութի զորամաս կտանեմ, քանի որ իրավունք չունեմ ձեզ ինձ մոտ պահելու»:

Մի քիչ հանգստացել էին այդտեղ, սնվել, տեղյակ էին պահել, որ երեխեքից մեկը ճանապարհին կորել է, ինչ-որ մեկը ձիով գնացել, գտել էր այդ կորած տղային, վիրավորին էլ տարել էին Հադրութի զորամաս: Զանգեց՝ մա՛մ ջան, պա՛պ ջան, ձեզ համբերություն, ես ձեր մասին եմ մտածում, դուք իմ մասին մի մտածեք: Իմ երեխեն պատերազմի ժամանակ մեր մասին էր մտածում: Չորս օր կորած էր, հետը չէինք խոսել, երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ անգամ մեկ քերծվածք չունի, ողջառողջ է, ուղղակի ոտքով են հասել Հադրութ: Մեզ չէր կարողանում Ռուսաստան զանգել, զանգում էր քրոջս, նա էլ մեզ էր զանգում, թե՝ երեխեն երկու րոպե ժամանակ ունի, զանգեք իրեն: Ուղղակի ձայնն էինք լսում ու վերջ: Վախենում էինք, որ հեռախոսով կարող են իրենց տեղը որոշել, արագ խոսում էինք ու անջատում: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 28-ին՝ մորս ասեք, որ լավ եմ, երեկոյան կզանգեմ: Բայց էլ երեխես չզանգեց: Դեպքը եղել է Քարինտակում:

Օրեր անց եկանք Հայաստան: Ոչ մի պետական մարմին, զինկոմիսարիատ ինձ չի հարցրել, թե որտեղի՞ց եք եկել, ո՞ւմ ենք փնտրում, ի՞նչ է պատահել: Մեծ տղաս էր հետաքրքրվում ամեն ինչով, ես ու աղջիկս լսել անգամ չէինք ուզում, որ Արտյոմի հետ ինչ-որ բան կարող է պատահած լինել: Ես անգամ չէի ուզում արյուն հանձնել»: Իսկ հետո սպասման օրերն ու ամիսներն էին: «Ես նստել եմ տանը, իսկ իմ մեծ տղան Հայաստանի բոլոր հիվանդանոցներով ու դիահերձարաններով շրջել է, մինչև հունվարի 15-ը փնտրել է իմ Արտյոմին: Մեծ տղաս ներս էր մտնում, դեմքից փորձում էի հասկանալ, թե ինչեր է տեսել: Պատերազմից շատ դաժանություն տեսավ նա, մինչև Արտյոմի ԴՆԹ-ն հաստատվեց: Անգամ մինչև Ղարաբաղ հասավ, բայց էլի օգուտ չկար: Ասում էին՝ գնացեք տուն ու սպասեք: Ես մինչև հիմա սպասում եմ իմ բալին, ինչքան էլ որ անցնի, սպասելու եմ: Անգամ կյանքիս վերջին վայրկյանին, միևնույնն է, ես շարունակելու եմ իրեն սպասել»:

Արտյոմի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որտեղ անպատասխան հարցեր են մնացել: Որպես զոհվելու օր նշվել է վերջին հեռախոսազանգի օրը՝ հոկտեմբերի 28-ը: «Չգիտենք, թե ինչպես է զոհվել, ինչպիսի վիրավորում է ստացել: Իրենից ո՛չ շոր են մեզ փոխանցել, ո՛չ այլ բան: Բանակում սկսել էր ծխել, ասացի՝ գոնե կրակայրիչը տան, իմանամ՝ իր մատները կպել են դրան, պահեմ որպես հիշատակ: Միայն իր զինգրքույկն ենք ստացել: Տղաներից մեկին էր տվել այն, խնդրել, որ պահի, վախեցել էր, որ կկորցնի: Ահագին ժամանակ հետո նոր միայն զինգրքույկը հրամանատարը փոխանցել էր մեծ տղայիս»: Անասելի ծանր է ընտանիքի համար հաղթահարել Արտյոմի ֆիզիկական բացակայությունը: Ընտանիքի անդամները չեն ընդունում նրա չլինելիությունն ու ապրում են հավերժ սպասման ռեժիմում: «Ով Արտյոմին այցելում է, խնդրում եմ կենտ ծաղիկներ տանել, միշտ համարելու եմ, որ Արտյոմս կա: Մինչև կյանքիս վերջին վայրկյանը սպասելու եմ իրեն:


Օտարության դառնությունը կուլ տալով, կոկորդս խեղդելով՝ մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ: Երբ զրուցում էինք, ասում էր, որ երբ համալսարան վերադառնա, խնդրելու է ֆիլմ նկարեն՝ մա՛մ, ամեն ծառ ու քար նկարել եմ, այնքան նկարներ ու տեսանյութեր ունեմ: Բայց իր հեռախոսն էլ մեզ չհասավ, որ իմ բալի նկարները տեսնեի: Աղջիկս չի ընդունում, որ Արտյոմս չկա: Մինչև հիմա ո՛չ շիրիմին է մոտ գնացել, ո՛չ քարն է տեսել, չի ընդունում Արտյոմի չլինելու փաստը, ասում է՝ Արտյոմը կա ու պետք է գա: Մենք այժմ Ռուսաստանում ենք բնակվում, հոկտեմբերի 28-ին և հունվարի 26-ին պարտադիր գալիս ենք Արտյոմի մոտ, հանդիպում իրեն ու վերադառնում: Արտյոմից հետո իմ ներսում ամեն ինչ մեռած է, գոյություն չունի: Երեխաներիս համար, Արտյոմիս անվան համար ապրում եմ: Ամեն օր դուրս եմ գալիս տանից, իրեն բարի լույս ասում, երկնքի հետ խոսում, այդ կերպ հանգստանում եմ մի քիչ: Երևի դա է ուժ տալիս: Ամեն օր պառկում եմ քնելու ու մտածում՝ հիմա կզանգեն ու կասեն, որ Արտյոմն ինչ-որ երկրում է: Այդ հույսով եմ ապրում: Ամեն րոպե իր ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում»:

Հ. Գ. - Արտյոմ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է «Շիրակ» գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Ողջ հանրապետությունով մեկ ժողովուրդը հրաժարվում է բարևել կամ շփվել որևէ ոստիկանի հետ․ Բագրատ Սրբազանի հորդորը մեծ արձագանք է ստացել Նիկոլ Փաշինյանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին Հունիսի 12-ի հրահանգները տրվել են ԱԺ-ի ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ․ Բագրատ Սրբազան Օ’Բրայենի «անկեղծությունը» Հարութին Զիմզիմովին սեռդեչնի պռիվետ ուղարկողները Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցին Երևանի Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեց լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվում հունիսի 12-ի գործով ձերբակալվածները Եղվարդի ՁՊՎ-ում պահվող քաղաքացիներն ազատ արձակվեցին Հատուկ ռազմական գործողության գոտում լսում էինք Ձեր ելույթը, որը բավարար ուժ տվեց մեզ. Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը gg ընկերության նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը. Բաբայան Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը հանկարծամահ է եղել 26 տարեկանում ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց՝ նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին. Ռոման Երիցյան Ի՞նչ է հայտարարագրել ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. Armlur Իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. 37թիվ․ Աբրահամյան Նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար» ԵՄ-ն Ադրբեջանից գազ է աղերսում՝ ռուսական գազը փոխարինելու համար․ Ամերիկյան Politico գործակալության անդրադարձը Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ Դանիելյան Արցախցիներս ոչ միայն տուն ենք կորցրել, այլ ամենաթանկը՝ հայրենիք, մարդկային կյանքեր. դրանք որևէ կերպ չեն կարող փոխհատուցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am