Հայաստանի և Ադրբեջանի միջև կան պայմանավորվածություններ, որոնք տարբեր առիթներով ջրի երես են դուրս գալիս․ Դավիթ Իշխանյան

«Առավոտ» թերթը գրում է․ ««Իմ կարծիքով, կան գաղտնի պայմանավորվածություններ, գուցե նաեւ ստորագրված փաստաթղթեր, որոնց մասին ոչ միայն հանրությունը տեղյակ չէ, այլ նաեւ, հավանաբար, քաղաքական էլիտան տեղյակ չէ եւ տարբեր առիթներով մենք անակնկալներ ենք ստանում». «Առավոտի» զրուցակից Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին։

- Արցախի շրջափակման չորրորդ ամիսն է, ի՞նչ իրավիճակ է Արցախում, ինչպիսի՞ տրամադրություններ են:

- Ես պիտի փորձեմ համեմատության մեջ դնել շրջափակման առաջին օրերը եւ ներկա օրերը. էության մեջ շատ տարբերություն չկա՝ ճանապարհները փակ, հիմնականում օգտագործվում են ներքին ռեսուրսները, մատակարարումները, համեմատական կարգով եւ շատ սահմանափակ քանակությամբ, ապահովվում են ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով, մարդկանց երթեւեկը՝ առողջապահական եւ ծայրագույն անհրաժեշտության դեպքերում, եւս: Կա մեկ տարբերություն. շրջափակման առաջին օրերին, պետական այրերը, քաղաքական շրջանակները, Արցախի ժողովուրդն այն կարծիքին էին, որ շրջափակումը մի քանի օրից կվերանա, եւ մենք կունենանք նույն անխափան կապը ՀՀ-ի հետ, որը որ ունեինք, քանի որ այդ ամենը երաշխավորված էր, կարծես թե՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ցավոք, մենք հիմա ականատեսն ենք հակառակ պատկերին. տեսնում ենք, որ երեք կողմերից մեկը՝ Ադրբեջանն, ամեն ինչ անում է ճանապարհը փակ պահելու եւ իր քաղաքական նպատակներն իրագործելու համար՝ սկսած Արցախի հայաթափումից, Արցախի ժողովրդին իր քաղաքացիներ անվանելուց, վերջացրած ճանապարհին՝ Հայաստանի եւ իրենց հասկացողությամբ՝ Ադրբեջանի սահմանին, կամ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելուց: Մյուս կողմը՝ Հայաստանի իշխանությունները, չեն կարողանում ապահովել այն պահանջները, ինչը վերապահված է իրենց եւ այդ առումով, մենք, իհարկե, ունենք մեր ակնկալիքներն Արցախում, նաեւ դժգոհությունները: Եվ կա երրորդ կողմը՝ ռուսական կողմը, որը նույնպես ունի իր պարտականությունները ու չի կարողանում ապահովել միջանցքով՝ արցախցիների անխափան ելքն ու մուտքը եւ կապը Հայաստանի հետ: Ամբողջ խնդիրը հոգեբանական վիճակի մեջ է. Արցախում տիրող ներկա հոգեբանական վիճակը չես կարող համե- մատել առաջին օրերի հետ՝ սկսած պայքարելու տրամադրվածության, դիմադրելու եւ այս ամենին շուտ վերջակետ դնելու մտայնության առումով:

- Տրամադրությունները հիմա անկումայի՞ն են:

- Այնուհանդերձ, ներկայումս չի կարելի արձանագրել, որ անկումային տրամադրությունն ամբողջապես իշխում է, բայց, ընդհանուր առմամբ, կա որոշակի հոգեբանական վիճակ, որի հետ կապված մենք պետք է համապատասխան հետեւություններ եւ եզրահանգումներ անենք:

- Փաստացի, եթե փորձենք իրավիճակն ավելի հանրամատչելի նկարագրել՝ Հայաստանը չի ցանկանում իր պարտավորությունները կատարել, ՌԴ-ն չի կարողանում ու դրանց ֆոնին Ադրբեջանն իր քմահաճույքներն է առաջ մղում. օրինակ, երկու օր առաջ, երբ խախտել էին խաղաղապահների հետ համաձայնությունը եւ արգելել էին 27 արցախցիների մուտքը Արցախ՝ պահանջելով Արցախ մուտք ունենալու համար «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն». ո՞ւր է տանում այս ճանապարհը:

- Այդ միջադեպն ընդամենը մի փոքր դրվագ էր եւ ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, որ իր որդեգրած քաղաքականությունից հրաժարվելու մտադրություն չունի: Այդ դրվագային պատկերն ամբողջապես երեւան հանեց այն, որ ադրբեջանական կողմն անընդհատ խստացում է իր մոտեցումները, ավելի ագրեսիվ քաղաքականություն է որդեգրում օրեցօր եւ եթե համեմատենք անցած երկու տարիների դինամիկան, տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանն օրեցօր խստացրել իր մոտեցումները: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին եւ հայկական կողմին, ես չեմ կարող ասել, որ հայկական կողմը ջանքեր չի գործադրել. օրինակ, միջազգային կարեւորագույն ատյաններում՝ ՄԱԿ-ի ԱԽ, Հաագայի դատարան եւ այլն, որոշ աշխատանքներ տարվել են, բայց դրանք բավարար չեն: Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը հետեւողական չի, միտված չէ ամբողջապես մեր ընդհանուր պատկերացումների եւ ընկալումների ապահովմանը եւ, ցավոք, մենք նաեւ տեղեկացված լինելով Արցախի իշխանությունների եւ ՀՀ իշխանությունների հարաբերություններին, քննարկվող հարցերին, տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները շատ խորքային մոտեցումներ չեն ցուցաբերում: Այդ ամենը երեւում է նաեւ ՀՀ վարչապետի՝ տարբեր առումներով հնչեցրած տեսակետնե- րից, խորհրդարանում երբեմն ծավալվող քննարկումների ժամանակ՝ իշխող քաղաքական ուժի վարքագծից եւ նրանց կողմից ներկայացված թեզերից: Կարծես թե, ամբողջ պատասխանատվությունը փորձում են թողնել ռուսական կողմի վրա. ես չեմ ուզում ռուսական կողմի մոտեցումներն արդարացնել: Բնականաբար, ռուսական կողմը ունի իր առաքելությունը, իր պարտականությունը, բայց այս ամենը նաեւ պետք է դիտարկել երկուստեք: ՀՀ-ի կողմից ջանքերը եւս պետք է ավելի խորացվեն:

- Հետեւաբար, գնում ենք հարաբերությունների սրման եւ տարածաշրջանից ՌԴ-ի դուրս մղմա՞ն:

- Մենք տեսնում ենք, որ ոչ միայն Արցախի հիմնահարցի հետ կապված, այլ, ընդհանրապես, տարածաշրջանում Արեւմուտքի կողմից հստակ քաղաքականություն է վարվում՝ ռուսական տարրը դուրս մղելու ուղղությամբ եւ հիմնական հենման կետերը Հայաստանն է եւ Արցախի Հանրապետությունը: Արեւմուտքի որդեգրած քաղաքականության աջակիցն են Թուրքիան եւ Ադրբեջանը ու մեծ ջանքեր են գործադրում ռուսական տարրը դուրս մղելու համար: Իսկ այդ քաղաքական գործընթացում Արցախը եւ արցախցիները կարող են հայտնվել բավական ծանր կացության մեջ. դրա դառը պտուղները մենք ստանում ենք: Առանց այն էլ մի քանի ապտակ ստացել ենք, հերթական ապտակը եւս կարող ենք ստանալ. այս գործընթացի առաջին «շահառուն» Արցախն ու արցախցին են:

- Ի՞նչ, այսպես ասենք, տեսք կունենա հնարավոր հերթական ապտակը, մանավանդ, եթե նկատի ունենանք նաեւ Իրանի շուրջ սեղմվող օղակը. մոտալուտ բախումներ հնարավո՞ր են:

- Դժվար է կանխատեսել, երբ չունես ամբողջական տեղեկատվությունը: Բաց աղբյուրներից ստացվող մեր տեղեկությունները, կարծում եմ, բավարար չեն ամբողջական պատկերն ունենալու համար: Բայց մեկ բան ակնհայտ է. 2020 թվականի ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, Իրան-Ադրբեջան, Իրան-Իսրայել, Իրան-Թուրքիա հարաբերություններն ավելի են սրվում եւ տարբեր դրվագներում, մենք ականատես ենք լինում հատկապես Արեւմուտքի մղումներով, Իսրայել-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունու հակաիրանյան ակտիվ քայլերին ու Իրանին բախումների մեջ ներքաշելու միտումներին: Ես հեռու եմ այն մտայնությունից, որ Իրանը գործողություններ կարող է սկսել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական կողմը, տասնամյակներ շարունակ, իր տարածքից դուրս է ռազմական գործողությունների մեջ, իր սահմաններից ներս անվտանգային համակարգն ապահովում է՝ ի հաշիվ արտաքին ֆակտորների: Այս պարագայում, բախումների հավանականությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ Իրանի նկատմամբ սկսվի գործողություններ: Եվ այդ պարագայում, ԱՀ բռնազավթված տարածքները՝ Հադրութի շրջանում, Արաքսի հովտում, Ջրականի շրջանում, Կովսականի ենթաշրջանում տեղակայված ադրբեջանա-թուրքական, իսրայելական, զինվորական ու քաղաքացիական օբյեկտները պլացդարմ են Իրանին հարվածելու համար. Իրանն այդ մասին բարձրաձայն է խոսում, նաեւ՝ Ադրբեջանին ու Իսրայելին ուղղված մեղադրանքներով է խոսում: Մյուս հիմնական հատվածը Սյունիքն է եւ Սյունիքի հետ կապված հարցերն են: Իրանի պաշտոնական շրջանակներից քանիցս հայտարարվել է, որ դա կարմիր գիծ է եւ դրա հիմնական հետեւանքը Կապանում Իրանի հյուպատոսության բացումն է:

- Այս համատեքստում Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական առաջխաղացումը եւ դիրքավորումը ի՞նչ նոր իրավիճակ է ստեղծել եւ ի՞նչ վտանգ է սպառնում:

- Շատ ակնհայտ երեւում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան պայմանավորվածություններ, որոնք տարբեր առիթներով ջրի երես են դուրս գալիս: Տեղ-Կոռնիձոր հատվածում՝ կապված նոր ճանապարհի շահագործման եւ զորքի տեղաշարժի հետ, ինչու ոչ՝ հետքաշման արդյունքում, ստեղծվել է նոր իրավիճակ: Ամբողջ գաղտնիքը թաղված է հենց ՀՀ վարչապետի շուրթերով արտահայտված այն տեսակետի մեջ, որ այդ հատվածում սահմանապահ զորքեր կտեղակայվեն: Այսինքն, հարց է առաջանում՝ այդ սահմանապահ զորքերն ի՞նչ առաքելությամբ են այդտեղ տեղակայվելու, արդյո՞ք ճշգրտված են սահմանները եւ սահմանապահ զորքերը պետք է մնացյալն ապահովեն, արդյո՞ք չհարձակման մասին որոշակի պայմանավորվածություններ կա, որին ապավինելով՝ Հայաստանի վարչապետն ուղղակիորեն սահմանապահ զորքեր է տեղակայում այդ հատվածում, եւ ո՞ւմ սահմանին՝ Ադրբեջանի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Նորից եմ ուզում շեշտել, իմ կարծիքով, կան գաղտնի պայմանավորվածություններ, գուցե նաեւ ստորագրված փաստաթղթեր, որոնց մասին ոչ միայն հանրությունը տեղյակ չէ, այլ նաեւ, հավանաբար, քաղաքական էլիտան տեղյակ չէ եւ տարբեր առիթներով մենք անակնկալներ ենք ստանում:

- Առաջիկա մեկ ամսվա կտրվածքով կարո՞ղ եք կանխատեսումներ անել՝ ի՞նչ իրավիճակներ կլինեն Արցախում եւ Հայաստանում:

- Արցախում վիճակը պայթյունավտանգ համարել չի կարելի՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորքերի գտնվելու հանգամանքը եւ լայնամասշտաբ գործողությունների, կարծում եմ, ադրբեջանական կողմը չի կարող գնալ՝ հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ էլ: Իհարկե, Ադրբեջանը փորձում է դա ներկայացնել, որ ինքն իր քաղաքացիների՝ ասել է թե՝ արցախցիների նկատմամբ այդպիսի քայլեր չի ձեռնարկի, փորձում են միջազգային հարթակներում եւ տեղեկատվական դաշտում ապահովել իրենց հումանիստական մոտեցումները, նաեւ՝ պատրաստակամությունը, բայց, մյուս կողմից՝ Արցախը հայաթափելու օղակը սեղմում է: Լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը շատ չեմ տեսնում: Լոկալ բախումների, տարբեր միջադեպերի, ինչին ականատես եղանք մարտի 5-ին, դիվերսիոն գործողության արդյունքում երեք ոստիկանների սպանությանը, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող մեր քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունների, տարբեր հատվածներում ռազմական տեխնիկայի, ռազմական ուժի կենտրոնացման, Արցախի երկնքում անընդհատ պտտվող ԱԹՍ-ների եւ այլն, ականատես կլինենք, որոնք զգուշացնող կամ սպառնալիքներն ավելի խորացնող գործընթացներ են: Մյուս կողմից էլ՝ տարածաշրջանի ու նաեւ Հայաստանում զարգացումները շատ անկանխատեսելի են, մանավանդ ռուս-ուկրաինական բախման ֆոնին երկրորդ ճակատ բացելու համատեքստում: Մի քանի առիթներով կարող էր երկրորդ ճակատը բացվել. մենք այստեղ տեսնում էինք եւ զգում էինք, թե ինչպես են փորձում բախումների ընթացք տալ՝ այդ ամենը վերածելով տարածաշրջանային պատերազմի: Մի քանի անգամ այդ ամենից խուսափելով, այնուհանդերձ, երաշխա- վորված չենք առաջիկայում հնարավոր զարգացումներից՝ Սյունիք-Իրան-Ադրբեջան հատվածում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան «Սրբուհի Գալյա՛ն, դուք լու՞րջ եք, դուք լրի՞վ եք կորցրել ձեզ․․․»․ Արամ Սարգսյան (video) Պուտինը կոնկրետ պահի է սպասում․․․ իրավիճակն ամեն պահի կարող է թեժանալ․ Հարութ Սասունյան (video) SOCAR-ը դարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի օպերատորը՝ փոխարինելով բրիտանական BP (British Petroleum) ընկերությանը Կիևը հայտնում է 13 զոհի մասին Ասում էր՝ ինչի՞ համար թոշակ բարձրացնեմ, ինչի՞ վրա են ծախսելու, արի ու տես` 77 մլրդ-ով ավելացրեց (video) «Նիկո՛լ, էդ 50 միլիոնը քեզ չի փրկելու, էս ծակերը ո՞նց ես փակելու»․ Արամ Սարգսյան (video) Bloomberg․ ներկայումս բաց ծովում գտնվում է Իրանից մինչև 68 մլն բարել նավթ Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը Վախկո՜՜՜՜տ, խմի՛ր այդ դեղը, տես՝ ինչ կլինի քեզ հետ․ արցախցու դիպուկ խոսքը (video) ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ Դուք ո՞վ եք, ինչի՞ց եք վատ զգում․․․ տո լա՛վ են անում, պատժում են թուրքերին․ Արման Աբովյան (video) Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երեխաներն ԱԲ-ն օգտագործում են մեծահասակներից երեք անգամ արագ. ՅՈՒՆԻՍԵՖ Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Արզանաքանցյանը մանրամասներ է ներկայացրել Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ Կամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն Սերժ Թանկյանը վերջին հայհոյանքներն են հնչեցնում, բայց մոռանու՞մ է․․․ Հարութ Սասունյան (video) Երևանի Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am