Սիրելի՛ արցախցիներ, մեր Սուրբ Եկեղեցին ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ․ Գարեգին Բ (video)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով:

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Նորոգուեցէք ձեր մտքով եւ հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու» (Եփ. 4.23-24): Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս, Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնի հրաշազարդ այս օրը, համախմբուած մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմեանց փոխանցելով փրկաւետ ողջոյնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։ Աւելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդեան աւետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպէս անզուգական հրաւէր՝ Քրիստոսով նորոգուելու, խաղաղութիւն հաստատելու, սէրն առատացնելու։

«Նորոգուեցէք ձեր մտքով եւ հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու»,- պատգամում է առաքեալը՝ ներշնչուած Տիրոջ Սուրբ Ծննդեան աւետիսով։ Արդարեւ, Աստուածորդին աշխարհ եկաւ՝ մեղանչական մարդուն ցոյց տալու փրկութեան ճանապարհը, որը բացւում է Քրիստոսով նորոգուածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հաւատացող ու փորձութիւնների առջեւ չընկրկող հոգիները եւ մեղքի ու չարեաց դէմ աներկբայ մարտնչողները: Քրիստոսի Սուրբ Ծննդեան շնորհները պարգեւում են մարդկութեանը օրհնեալ կեանք՝ խարսխուած աստուածպաշտութեան, բարութեան, ճշմարտութեան ու արդարութեան վրայ, յոյսով ու լաւատեսութեամբ են զինում կորուստներից ու ցաւերից վշտահար ու յուսաբեկ հոգիներին, ապաքինում եւ լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը եւ զօրացնում դժուարութիւններին դիմակայելու, անգամ անվճռելի թուացող ճգնաժամերն ու պատուհասները յաղթահարելու։ Փրկչի Ծննդեամբ մարդկութեան կեանքում հնչող նորոգութեան հրաւէրի անտեսումը, Աստուածորդու պատուիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու աւեր են սփռում եւ այսօր էլ պատճառ են դառնում հասարակութեան մէջ, ընտանիքներում գժտութիւնների ու անհանդուրժողութեան, ազգերի ու պետութիւնների միջեւ հակամարտութեան ու թշնամանքի:

Յիրաւի, առաքեալի խօսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռ. 6.23): Սիրելիներ, Աստուածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերութեամբ է համակում, հաւատքով գօտեպնդում Քրիստոսասէր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկուեց նոր փորձութիւնների։ Արցախեան պատերազմի եւ ամիսներ առաջ Հայաստանի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների արհաւիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցաւն ու տառապանքը: Մեր զաւակները հերոսաբար զոհուեցին յանուն հայրենիքի, հազարաւորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնեակ զաւակներ գերութեան մէջ են, տակաւին կան անյայտ կորածներ։ Տեւական ժամանակ արգելափակուած է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը յանգեցրել է հումանիտար աղէտի: Այս ծանր իրավիճակում մեր դէմ ծառացած հիմնախնդիրները յաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգութեան, սրտով, հոգով, մտքով մաքրուելու, Քրիստոսով վերափոխուելու եւ միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի եւ հայրենիքի առջեւ մեր յանձնառութիւնների մէջ։

Այսպիսի նորոգութեամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կեանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնութեան, ատելութեան ու յարմարուողականութեան կործանարար դրսեւորումները եւ հայրենիքի բարուոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմեանց հանդէպ յարգանքն ու սէրը, վստահութեան հաստատուն հիմքերի վրայ խարսխել Հայաստան-սփիւռք գործակցութիւնը։ Պատմական փորձառութեամբ գիտենք, որ նեղութիւններից յաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանուած ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգուած, Քրիստոսով միասնական, Աստծոյ շաւիղներով քայլելով, մենք, ինչպէս առաքեալն է ասում, մեզ պաշարած փորձութիւններից այսօր էլ յաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։

Սիրելի զաւակներ Մեր, Աստծոյ օգնականութիւնը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տէրը հաւատքի մէջ եւ աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդեան յուսաբեր տօնի հոգեւոր ապրումը։ Զօրանանք հայրենիքի սիրով եւ ամեն կարելի հնարաւորութեամբ սատարենք Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժուարութիւններ կրող մեր քոյրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջեւ եւ վտանգի չենթարկենք մեր անկախ պետականութիւնը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու յաղթութեան եւ միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսաւոր գալիքը։ Սուրբ Ծննդեան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խօսքն ենք յղում խրոխտ ու անվեհեր Արցախի հաւատաւոր Մեր զաւակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայեացքները այս օրերին առաւելաբար ձեզ են ուղղուած։ Դուք, որ դժուարութիւնների առջեւ երբեք չէք ընկրկել ու չէք նահանջել, այսօր էլ տոկունութեամբ շարունակում էք հերոսաբար պայքարել յանուն ձեր ազատ ու անկախ կեանքի, յանուն պատմական արդարութեան վերականգնման։ Ձեր քաջ նախնեաց փառաւոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացէք հայրենի հողում ապրելու եւ արարելու վճռականութեան մէջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփիւռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զօրակից ձեզ։ Ձեր հիմնարար իրաւունքների պաշտպանութեան արդար պահանջը յաղթանակելու է համայն հայութեան ջանքերով եւ միջազգային հանրութեան սատարումով։ Հաւատում ենք, որ Աստծոյ ողորմածութեամբ մեր ժողովուրդը իրեն պատած խաւարի մէջ պիտի լոյս ծագեցնի եւ դիմագրաւի իր կեանքում ծառացած լրջագոյն մարտահրաւէրներին։

Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդեան աւետիսով Մեր ողջոյնն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին՝ մաղթելով Աստծոյ զօրակցութիւնը տէրունաւանդ ծառայութեան մէջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քոյր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացեալ Փրկչի օրհնութիւնը իրենց աստուածապատուէր առաքելութեանը եւ հաւատաւոր հօտին։

Հայրապետական Մեր սէրն ու բարեմաղթանքներն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ համայն հաւատաւոր Մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփիւռս։ Սուրբ Ծննդեան այս շնորհազարդ առաւօտ սրտագին աղօթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմեան աստղալոյսը յարատեւ շողարձակի մեր ազգային կեանքի երկնակամարում, որպէսզի մենք, Փրկչին ապաւինած, հաստատենք մեր ընթացքը սիրոյ, համերաշխութեան ու միասնականութեան շաւիղներում։ Թող Սուրբ Ծննդեան կենարար խորհրդով խաղաղութիւն լինի աշխարհին ու համայն մարդկութեանը։ Թող հաւատքով պայծառացած՝ աշխարհասփիւռ ազգս հայոց զօրացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականութիւն դարձնի իր նուիրական իղձերը եւ փառաւորի մարդեղացեալ Փրկչին՝ գոհութեամբ ձայնելով. Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»:

դիտվել է 175 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am