Այս խմբակի օրոք միլիարդավոր դոլարների տնտեսական ներուժ ենք կորցրել

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովում նախօրեին ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Լավատեսական համարվեցին ոչ միայն ՀՀ տնտեսական ցուցանիշները, այլև անդրադարձ եղավ Արցախին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բյուջեն երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել՝ այդ համատեքստում ընդգծելով ՀՀ կառավարության դերակատարությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նաև նախօրեին հնչեցված գնահատականներին, մի քանի իրողության մասին է մատնանշել: Նա շեշտեց, որ նախօրեին հնչեցված գնահատականները բարոյականությունից դուրս են, դրանք, նրա խոսքով, հերթական մանիպուլ յացիաներն են. «Հարցը պետք է դիտարկենք բարոյական դաշտում, որովհետև այդտեղ անգամ տնտեսագիտություն չկա: Ասֆալտից են խոսում, քանի՞ կիլոմետր ճանապարհ նվիրեցին թուրքին: Գյուղատնտեսությունից են խոսում, որքա՞ն գյուղատնտեսական հողատարածքներ, որքա՞ն ՀԷԿ-եր, անտառներ, պատրաստի վիճակում վերամշակող գործարաններ հանձնեցին թուրքին: Ի վերջո, որքա՞ն տնտեսական հնարավորություններ ու ներուժ հանձնեցին: Այս ամենի հետ կապված գնահատական ինչո՞ւ չի տրվել մինչ հիմա, ինչը կարևոր է նաև միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

Մենք ի՞նչ տնտեսական ներուժ ենք կորցրել: Դրանք իրականում միլիարդավոր դոլարների են հասնում: Բացի այդ, որքա՞ն են ավելացրել պետական պարտքը: 30 տարվա անկախ պետություն ենք, 30 տարվա կուտակած պետական պարտքը վերջին 4 տարում 40 տոկոսով ավելացրին: Հնարավոր չէ գտնել որևէ երկիր, որը նման պետական պարտքի պայմաններում տնտեսական կոլապսի չի ենթարկվել: Եթե այսպիսի ցուցանիշներով շարժվենք, մենք մտնում ենք պարտքային ճգնաժամի փուլ»:

Անդրադառնալով Արցախի բյուջեի վերաբերյալ արված հայտարարությանը՝ նա շեշտեց. «Այն, ինչ իրենք բերել են Արցախի գլխին և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ բարոյահոգեբանական ու մնացած առումներով, որևէ կերպ դրամական արտահայտություն չունի: Անբարոյականությունը հենց դա է: Ի՞նչն են չափում: Իրենք փողով փորձում են հատուցել մարդկանց կյանքերը, որ տարել ու մատաղ են արել: Հայրենիքը երբեք փողով չես չափի, զոհված ընկերոջդ հիշատակը փողով չես վաճառի: Նման համեմատությունն ամենավերջին անբարոյականությունն է: Իրականում տնտեսական ծրագրերի մասին կարելի է վեճ ունենալ, ինչը նորմալ է, կարող է ազատականը սոցիալիստից տարբերվող կարծիք ունենա, ինչը ևս նորմալ է: Տնտեսական տարբեր դպրոցներ կան, որոնք մշտապես վեճի մեջ են. դա էլ է նորմալ: Աննորմալ է, երբ հայրենիքի կորուստը փորձում են մեղմել կամ արտահայտել փողային տեսքով: Իրենք դրանով շատ պարզ ասում են, որ, այո, իրենք վաճառվում են, որ, այո, իրենց համար չվաճառվող ու բացարձակ արժեքներ չկան: Այդ տեսակն իրավունք չունի մեր հայրենիքը ղեկավարել: Եթե նկարագրվածից բխող պարզ բանաձևը բացենք, կտեսնենք, որ իրենք պատրաստ են թուրքին փողով վաճառել հայրենիքը»:

Խոսելով վերջին 4 տարում արձանագրված վնասների մասին՝ Թ. Ավետիսյանն ընդգծեց, որ ամենամեծ կորուստն, իհարկե, մարդկանց կյանքերն են:

«Այդ թվում՝ նաև այն հերոս տղերքի, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի: Այստեղ միանշանակ է գործող իշխանությունների պատասխանատվությունը: Մարդկային կյանքերի կորուստներ ունեցանք նաև Covid-19 համավարակի ժամանակ: Իհարկե, ամբողջ աշխարհում են մարդիկ մահացել կորոնավիրուսի հետևանքով, բայց բոլորն են տեսել այն անկազմակերպ վիճակը, այն ապիկարությունը, որը կար նաև այդ ընթացքում: Նշված իրողությունների առաջնային հետևանքը ոչ թե տնտեսական անկումն է, սոցիալական խնդիրների սրացումը, այլ հենց մարդկային կյանքերի կորուստը, որ ունեցանք: Մյուս կարևոր հանգամանքը իշխանության գալու հենց առաջին օրվանից հանրությանը պառակտելու մոլուցքն է: Այս խմբակն ակնհայտորեն պառակտեց ամբողջ հանրությանը: Իմ ամբողջ կենսագրության ընթացքում ես չեմ հիշում մի այնպիսի պահ, որ այդքան մեծ պառակտում լիներ հանրության մեջ, երբ անգամ եղբայրը եղբոր դեմ դուրս գար: Այդ պառակտման պատճառով էին նաև 44-օրյա պատերազմի այն հետևանքները, որոնք տեսանք: Պառակտում են ամեն օր ու այսօր ևս շարունակում են դա անել, որովհետև պառակտելու հետևանքով է, որ կարողանում են նաև իրենց իշխանությունը երկարաձգել: Մարդկանց իրար դեմ հանելը, ստելը, կեղծելը, խաբելը, տարբեր կեղծ մեղավորների վրա իրենց գործունեության հետևանքները բարդելն այս խմբակի բանաձևն է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ հետևողականորեն քանդում են նաև պետության հիմքերը, պետական կառավարման համակարգը: «Օրինակ՝ նախարարություններ, պետական կառավարման մարմիններ այցելելու դեպքում յուրաքանչյուրը միանգամից կզգա անպատասխանատվության շունչը: Անպատասխանատվությունը, որը գալիս է այս քաղաքական խմբակի ամենագլխավորից, արդեն տարածվել է պետական կառավարման համակարգում:Սա ևս շատ վտանգավոր երևույթ է: Այսինքն, ինչ-որ որոշումներ են կայացնում՝ մտքում ունենալով այն համոզմունքը, որ ինչ էլ լինի, միևնույնն է, իրենք պատասխանատու չեն, նոր կեղծ մեղավորների են գտնելու, «փաստարկներն» անընդհատ մարդկանց ականջներին են հասցնելու, և իրենք խուսափելու են պատասխանատվությունից: Պետական կառավարման կարևորագույն և առաջնային սկզբունքներից մեկը համաչափ պատասխանատվությունն է այն իրավունքների ու լիազորությունների նկատմամբ, որոնցով օժտված է պետական կառավարման համակարգը: Այդ ամենը, սակայն, շատ բարդ է լինելու վերականգնել. այդ ինստիտուտները կայանում են տարիներով, տասնամյակներով, թեպետ դրանք հնարավոր է շատ կարճ ժամանակում կազմաքանդել, ինչն այս խմբակն արել ու անում է: Մյուս կարևոր հարցը պոպուլիզմն է, որը ներմուծեցին հանրային կյանք: Սկզբունքը հետևյալն է. իրենք սուտ են ասում, հետո այդ ստի վրա բռնվում են ու ավելի մեծ սուտ են ասում, որպեսզի ծածկեն նախորդը: Այդ փուչիկն անընդհատ փչվում է, ու երբ դա մի օր տրաքի, կարծում եմ, շատ մեծ հիասթափություն ենք ունենալու հանրության մեջ: Խոսքը հատկապես հասարակության այն հատվածի մասին է, որն անվերապահորեն ու միամտորեն իրենց հավատում է: Իրականում այդ մեծ սթրեսն իր անդառնալի հետևանքներն է թողնելու և արդեն իսկ թողնում է»,-շեշտեց Թ. Ավետիսյանը:

Հիշեցնելով ներկայիս իշխանության կողմից նախկինում տրված խոստումների մասին՝ նա նշեց. «Իրենք 2018-ից սկսած ամենատարբեր խոստումներով խաբեցին, քվեներ շահեցին կամ գողացան: Հետո, իշխանության գալով, իրականացրեցին ոչ միայն այդ խոստումներից տարբերվող գործողություններ, այլև շատ կարևոր հարցերում ճիշտ հակառակ հետևանքներն ունեցանք. իրենք երբեք չեն ասել, որ Արցախը հանձնելու են Ադրբեջանին, որ իրենք տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում: Չեն ասել, որ ամեն օր ՀՀ-ից սուվերեն տարածք կորցնելու իրական հնարավորություն կա: Չեն ասել նաև, որ բանակը չեն վերականգնելու, այլ ընդհակառակը՝ ամեն ինչ անելու են, որ բանակի ողնաշարը վերջնականապես ջարդեն: Չեն ասել, որ հայ մարդն իրենց իշխանության գալուց հետո յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի վատ է ապրելու, քան նախորդ օրը: Չեն ասել, որ ազատ խոսքի նկատմամբ տեռոր են իրականացնելու: Երբ այդ ամենն ասեին, այսինքն՝ այն, ինչ հիմա են իրականացնում, վստահեցնում եմ՝ ոչ միայն մեծամասնություն չէին լինի ԱԺ-ում, այլ իրենք ընդհանրապես ԱԺ-ում չէին էլ լինի»:

Թադևոս Ավետիսյանը նշեց նաև, որ իշխանությունը տարածում է այն թեզը, թե հայ մարդը կարող չէ, չի կարող իր ինքնիշխանությունը պաշտպանել, ինչը բացառապես բխում է մեր թշնամու շահերից. «Ընդդիմության խնդիրն է այս ամենը մանրամասն ու պարզ կերպով ներկայացնել հանրությանը: Վստահ եմ՝ եթե հանրության աչքերը բացվեն ու օբյեկտիվ գնահատեն իրողությունները, այս խմբակը մեկ վայրկյան անգամ չի կարող մնալ որպես ՀՀ իշխանություն»:

դիտվել է 1682 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am