Երբ խոսում են դիվանագետները, դիլետանտները պետք է լռեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արտաքին դիվանագիտական ճակատում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք՝ ԱԳ նախարարներ, փոխնախարարներ, դեսպաններ, պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք հիմնականում պատերազմից հետո հեռացան կամ հեռացվեցին, կամաց սկսում են խոսել: Առհասարակ, դիվանագետներին խոսեցնելը բարդ է։ Նրանք ի պաշտոնե քչախոս են, դիվանագիտական եւ պաշտոնից բխող էթիկետով կաշկանդված։ Հատկապես՝ երբ պաշտոնավարում են։ Թեեւ դիվանագետի նախկին չի լինում, եւ նախընտրում են քաղաքական չեզոքություն պահպանել նաեւ հետո՝ չմեկնաբանելով ո՛չ իրենց պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ո՛չ հետո տեղի ունեցող։

Սակայն այսօր շարժման ակցիաներին մեծ թվով դիվանագետներ են մասնակցում, որոնց մի մասը սկսել է նաեւ խոսել: Սկզբում խոսեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, իսկ օրերս էլ 168.am-ի տաղավարում հյուրընկալվել էր ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որը Դավիթ Սարգսյանի հարցերին էր պատասխանում՝ բացահայտելով այս իշխանությունների հակահայ դավադիր քաղաքականությունը։


Քոչարյանն ԱԳ նախարարի տեղակալ էր նշանակվել Փաշինյանի կողմից՝ 2018 թ․։ Երկու տարի հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, դիմում է գրել, մեկ շաբաթ անց՝ ազատվել պաշտոնից։ Նրանից 1 օր առաջ էլ պաշտոնը թողել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը Փաշինյանի կառավարության առաջին ԱԳ նախարարն էր։ Ազատման պատճառը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթն էր: 2 տարի է անցել` Մնացականյանը որեւէ կերպ չի մեկնաբանել իր ազատվելը եւ շարունակում է լռել, թեեւ նեղ շրջանակներում արտահայտվում է եւ հասկացնում, որ իր դիմումով ինքը հրաժարվեց մաս կազմել Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը: Պաշտոնը թողնելուց ի վեր նրա միակ հրապարակային հանդես գալը եղել է 2022 թ. մարտի 27-ին «Թվիթերի» իր էջում արած քննադատական գրառումը՝ ուղղված ՄԱԿ-ի եւ Եվրամիության պաշտոնյաներին․ «Երեկ եւ այսօր զգալի էսկալացիա է եղել Լեռնային Ղարաբաղի արեւելքում.

Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրազեն եւ անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ բայրաքթար. 3 զոհ եւ 14 վիրավոր կա Արցախում»։ Ապա ավելացրել էր, որ ցրտաշունչ եղանակին ավելի քան 2 շաբաթ Արցախն առանց գազի է, եւ պայմանները մոտ են հումանիտար աղետին, Ադրբեջանը միտումնավոր հետաձգում է Արցախը սնուցող՝ իր վերահսկողության տակ գտնվող գազատարի վերանորոգումը։ «Աշխարհն աներեւակայելի կույր է։ Սրանում ոչ մի նոր բան չկա»։ Նա ընդգծել էր, որ վերջին իրադարձությունները վկայում են արցախցիներին սպառնացող գոյութենական վտանգի մասին։ Մենք երեկ նորից փորձեցինք պարոն Մնացականյանի հետ կապ հաստատել, ապարդյուն` հավանաբար, չի կարող կեղծել, բայց ճշմարտությունն ասելու ուժ էլ չունի։ Ի դեպ, նրա հրաժարականի օրը՝ 2020 թ․ նոյեմբերի 16-ին, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Փաշինյանի պնդումներին, թե Շուշին մշտապես եղել է բանակցությունների առարկա․ «Խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»։ Սա Մնացականյանի եւ Փաշինյանի միջեւ եղած հակասությունների ցցուն արտահայտություն էր՝ արված խոսնակի շուրթերով։

Նույնկերպ հարցազրույց տալու բոլոր առաջարկները մերժում էր նրա հետ նույն օրերին ազատված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Սակայն նա առաջին իսկ օրվանից լինում էր Ֆրանսիայի հրապարակում։ Իսկ նախօրեի հարցազրույցում բառացիորեն հայտարարել է, որ Փաշինյանն Արցախը հանձնելու ծրագիր է իրականացրել եւ ԱԳՆ-ին տեղյակ չի պահել, թե ինչ է բանակցում, ինչ է ստորագրում: ԱԳՆ-ում պոստ ֆակտում են իմացել նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մասին։ Ըստ նրա, ԱԳՆ-ն՝ որպես գործոն, փաստորեն, դադարել է գոյություն ունենալ, իսկ Արարատ Միրզոյանի նշանակումից հետո առհասարակ դարձել է 1 մարդու՝ Փաշինյանի քմահաճույքների ու դավադիր ծրագրերի ֆորմալ կատարողը։ Քոչարյանի խոսքերից հասկացանք, որ մենք դիվանագիտական կորպուս եւ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող գերատեսչություն, ըստ էության, չունենք։

Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններն ու Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու վտանգավոր հեռանկարը ստիպեց փողոց դուրս գալ ու նաեւ հրապարակավ հանդես գալ ԱԳ նախկին նախարարներից Արա Այվազյանին։ Նա այդ պաշտոնին նշանակվեց 2020 թ. նոյեմբերի 18-ին՝ Զ․ Մնացականյանի հրաժարականից 2 օր անց։ Դրանից առաջ Այվազյանն ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Բայց նա էլ երկար չդիմացավ Փաշինյանի կառավարությունում․ ընդամենը 6-7 ամիս անց՝ 2021 թ․ մայիսի 31-ին, ազատվեց պաշտոնից։ Իր հրաժեշտի խոսքում նա ասում էր․ «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, եւ իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։

2022թ․ ապրիլի 20-ին Ազատության հրապարակում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին այցելած Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Երբ ես հրաժարական տվեցի, ուրեմն գտնում էի, որ այն քաղաքականությունը, որը վարվում է, չի նպաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»:

Այվազյանից հետո խոսեցին ԱԳՆ այլ նախկին պաշտոնյաներ եւս՝ նախկին փոխնախարարներ, նախկին դեսպաններ, որոնք հանդես եկան Արցախի շահերից բխող համատեղ հայտարարությամբ։ Մենք զրուցել ենք ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ, որին այս օրերին գրեթե մշտապես կարելի է տեսնել հանրահավաքներին։ Այստեղ է նաեւ նրա հայրը` հարգված գիտնական, արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը: Ոչ շատ հաճախ՝ Ֆրանսիայի հրապարակում լինում է նաեւ Ինդոնեզիայում նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Նրա հետ եւս հարցազրույց արեցինք։ Երկուսն էլ՝ թեեւ զուսպ եւ կոռեկտ, բայց քննադատական խոսք ասացին՝ ուղղված Փաշինյանին ու նրա վարած արտաքին քաղաքականությանը, եւ մտահոգություն հայտնեցին Արցախը հանձնելու հեռանկարի շուրջ։ Այս ընթացքում փորձել ենք խոսել նաեւ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցի հետ, ով նույնպես լինում է Ֆրանսիայի հրապարակում, սակայն նախընտրում է լռել։ Հուսանք՝ մի օր կխոսեն։ Սակայն այս օրհասական պահին լռությունը ոչ թե դիվանագիտական կոռեկտություն է, այլ սեփական երկրի նկատմամբ անտարբերություն: Հայրենասեր դիվանագետը պետք է ահազանգի, զգուշացնի վտանգների մասին, որպեսզի հետագայում չմեղադրվի «իմանալ՝ չհայտնելու» մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 487 անգամ
Լրահոս
Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ Պաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am