Կեղծավորի ձևական այց, ուրացողի դատարկ ուղերձ
Ապրիլի 24-ին, կարելի է ասել՝ առավոտ կանուխ, ժամը 9-ին, նիկոլ փաշինը` իր փաշոների ուղեկցությամբ, եկեր էր Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կարևոր է ու գնահատելի, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դրանց հետ չէր եկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դա Հայ Առաքելական եկեղեցու հովվապետի կողմից միանգամայն բնական ու համարժեք վերաբերմունք է` նկատի ունենալով, որ թե՛ Վեհափառը, թե՛ մեր եկեղեցու հոգևորականությունը մերժել է նիկոլ փաշինի իշխանավարումը՝ նրան հորդորելով հեռանալ:
Իսկ այ, ՀՀ նախագահ համարվող Արմեն Սարգսյանը, ով առհասարակ, համապատասխանատու է կատարված ողբերգությանն ու իրականացված աղետին, ով չնայած պահանջել էր նույն նիկոլ փաշինի հեռացումը, երևի ոչ մի տարօրինակ բան չի գտել նրանում, որ կրկնադիմակ քայլի նրա կողքից:
Բնութագրական է, որ նիկոլ փաշինի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն ապահովելու համար ահռելի ոստիկանական ուժեր էին նեգրավել (դա դեռ համազգեստավորվածները, այսինքն՝ բոլորին բացահայտ տեսանելի կազմը): Ավելին՝ դրա այցից ամբողջ մեկ ժամ առաջ արգելափակվել էր հայ մարդկանց մուտքը Ծիծեռնակաբերդի տարածք՝ փաշինի անվտանգությունն ապահովելու նկատառումներով: Դա, իհարկե, անախորժություններ ու ավելի վաղ այստեղ եկած և հուշահամալիր բարձրանալ ցանկացող քաղաքացիների զայրույթն էր հարուցել: Սակայն հարցը դա չէ միայն: Հարցն այն է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հազիվ թե որևէ հայ մարդ իր անվտանգության համար անհանգստանալու իրական պատճառ ունի: Այստեղ վախենալու և հատուցում ստանալուց անհանգստանալու արդարացված պատճառ կարող են ունենալ միայն Ցեղասպանության ոճիրի համար պատասխանատվությունը ժառանգած ոճրագործները և հայության դեմ ոճիր գործածներն ու դավաճանները:
Ինչևէ, փաստ է, որ դեռ ապրիլի 23-ի գիշերային ժամերից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հատուկ ծառայությունների և ոստիկանության կողմից իսկապես անվտանգության լայնածավալ միջոցառումներ էին իրականացվում: Այդպիսի ընդգրկմամբ ուժայինները երևի 2015-ի ապրիլի 24-ին էլ չէին գործել, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերսիայի, Կիպրոսի և, բնականաբար, Հայաստանի նախագահները, չհաշված արդեն բազմաթիվ այլ բարձրաստիճան օտարերկրյա հյուրերին ու պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին:
Հավելենք, որ նիկոլ փաշինը այսօր նաև ուղերձով է հանդես եկել, ավելի ճիշտ՝ նրա անունից ուղերձ է հրապարակվել:
Մի քանի դիտարկում:
Նախ, նիկոլ փաշինն ուղերձի հենց սկզբում հիշատակում է Հայոց ցեղասպանության «միլիոն ու կես նահատակների» մասին՝ «մոռանալով», որ 2015-ին Հայ Առաքելական եկեղեցին սրբադասե՛լ է Հայոց ցեղասպանության զոհերին:
Երկրորդ, նիկոլ փաշինի ուղերձում մի քանի անգամ նշվում է «մեր ազգը», «մենք՝ հայերս»: Հարց է ծագում. իսկ ի՞նչ բովանդակային կապ ունի նիկոլ փաշինը մեր ազգի ու մեր՝ հայերիս հետ: Միայն ա՞յն, որ այդ բախտախնդիրը քաջնազարաբար դարձել է ՀՀ վարչապե՞տ ու դեռևս կառչած է մնում այդ պաշտոնից, չնայած այն բոլոր արյուն-աղետին, որ բերեց մեր երկրի ու ազգի գլխին: «Մեր ազգը» արտահայտություն է անում մեկը, ով օտարների աջակցությամբ զավթել է իշխանությունը և սպասարկում է օտարների շահերը, ավելին՝ թշնամիների շահերը:
Երրորդ, նիկոլ փաշինը նշում է, որ Հայոց ցեղասպանության, ոճրագործության պատասխանատուն միանշանակ «Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունն» է՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ...:
Դրանից մի քանի պարբերություն անց նիկոլ փաշինի ուղերձում նաև նշված է. «Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ»։
Մի րոպե: Ստո՛պ: Սա ո՛վ է ասում: Սա այն նույն նիկոլ փաշի՞նն է, որ բառացիորեն մի քանի շաբաթ առաջ, սասունցիների ու մշեցիների շառավիղ-ժառանգների մոտ, Արագածոտնում ելույթ էր ունենում՝ հայտարարելով, թե անհայտ է՝ որտեղից է սկսվել թշնամանքը, որ ինչքան թշնամի համարենք, մեզ թշնամի կհամարեն և այլ նման հիմարություններ: Կարո՞ղ է այս մի քանի օրը դրա հետ «լիկբեզ» են անցկացրել: Հազիվ թե: Առավել հավանականն այն է, որ նա, ճարպիկ մանիպուլյատոր լինելով, ըստ նպատակահարմարության այս կամ այն մոտեցումն է պտտեցնում:
Եվ ո՞վ է խոսում ադրբեջանական իշխանությունների պանթյուրքիստական հայատյացությունից: Խոսում է նիկոլ փաշի՞նը, որ ջի-փի-էս-ով ալիևին հայկական տարածքներ է զիջում: Խոսում է նա՞, ով Արցախի մեծ մասը, Հադրութն ու Շուշին, ըստ էության, նվիրել է նույն հայատյաց ադրբեջանական իշխանություններին՝ հազարավոր հայ զինվորների կյանքի գնով:
Եվ ո՞րն է մեր հակադարձումը այդ հայատյաց էքսպանսիային, ինչո՞վ ենք, էլի դիմագրավելու: Ասում է. «Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Միայն ու միայն ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա»։
Այ, նիկո՞լ, էս դո՞ւ ես գրել: Դո՞ւ ես խոսում հզոր դաշնակիցների՞ց, որ ամեն ինչ արեցիր հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, Իրանի հետ հարաբերությունները վատացնելու, Չինաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար: Ո՞վ է խոսում «ամուր, ժամանակակից» Հայաստանի մասին: Նա՞, ով թե՛ նախքան իշխանությունը զավթելը, թե՛ հատկապես իշխանազավթումից հետո ամեն ինչ արել է երկրի հասարակությունը, առհասարակ, հայույթանը պառակտելու, իրար դեմ հանելու, սևուսպիտակի բաժանելու, թուլացնելու, բանակը կազմաքանդելու, պետական համակարգը կազմաքանդելու համար ու նպատակով: Ու արե՛լ է այդ ամենը: Ժամանակակի՞ց: Հա՜, անկասկած, խիստ ժամանակակից է, որ սելջուկյան ֆեոդալի նման իր նազիր-վեզիրներին հրամայում է, որ գնան ու ցուցադրաբար պատժեն իրեն «ողջունած» հայ մարդկանց:
Ասում է՝ «ժողովրդավարույթան և օրենքի գերակայության սկզբունքների վրա» կառուցված Հայաստան: Սա ասում է մեկը, որ ամենահակաժողովրդավարականն է Հայաստանի մինչ այժմ եղած բոլոր ղեկավարներից՝ միասին վերցրած, ասում է մեկը, ով ուղղակիորեն տրորտակ է տվել բոլոր գրված ու նաև՝ չգրված օրենքները:
Չորրորդ, նիկոլ փաշինն ուղերձում նշում է, թե վերը ասված գնահատականները չեն նշանակում Հայաստանի կողմից տարածաշրջանային երկխոսության ժխտում, ավելին, ընդգծում է, թե «մենք պատրաստ ենք դրան, սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից: Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով»:
Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ երկխոսություն նկատի ունի նիկոլ փաշինը, ո՞ւմ հետ երկխոսություն: Օրումեջ Սյունիքն ու Երևանը ուժով զավթելու մասին հայտարարող իր «կիրթ ու կառուցողական գործընկեր» ալիևի՞ հետ, թե՞ իրեն պաշտպանության տակ վերցրած էրդողանի: Առհասարակ, թշնամու առաջ կզած, նվաստացուցիչ ու խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած մեկը ո՞վ է, որ իր հետ երկխոսեն, առավել ևս՝ այդ ինչո՞ւ պիտի իր հետ ուժի դիրքերից չխոսեն, եթե ինքն ամեն ինչ արել է մեր երկրի եղած ուժը կործանելու համար:
Եվ վերջինը: Ուղերձում նիկոլ փաշինը մի բան է հայտարարում, որը քիչ է ասել, թե խիստ մտահոգիչ է՝ հատկապես նկատի ունենալով հայտարարողի անձն ու բերած աղետները: Նա ասում է. «Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից»:
Այս հայտարարությունն անում է մեկը, ով հայտարարել էր. «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ դրանից հետո կանգնել ու ԱԺ ամբիոնից համոզում էր, թե Շուշին «դժբախտ, դժգույն քաղաք էր», գրեթե ադրբեջանական էր և նման այլ բաներ: Սա ինչ հայտարարում է, սովորաբար տրամագծորեն հակառակը նկատի ունի իրականում: Այնպես որ:
Հա, և Արցախի ազատամարտի զոհված հերոսներին ու նրանց անձնազոհությամբ կերտված հաղթանակը գործնականում փոշիացրած նիկոլ փաշինի նման մեկը չէ, որ պիտի Ցեղասպանության զոհերի հիշատակը չուրանալու մասին հավաստիացումներով հանդես գա: Դու դեռ քո ուրացման դիմա՛ց պատասխանատվություն պիտի կրես:
Մի խոսքով՝ կեղծավորի ձևական այց, ուրացողի դատարկ ուղերձ:
Արմեն Հակոբյան