Նիկոլ Փաշինյանի ուրացումը՝ հանուն Պուտինի

«168 ժամը» գրում է. «Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ երկիր է և չունի մի ուղղությամբ և մի կողմի շահեր, սկզբունքներ, և այդ սկզբունքների համադրությամբ՝ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկին, թե ինչո՞ւ է Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման վերաբերյալ հարցի քննարկմանը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ, երբ 2018-ին Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխություն, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան գործընթաց ու ներհայաստանյան օրակարգ: «Այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ ու արտաքին օրակարգ չկար: Երբ մեզ հարց էին տալիս՝ արդյո՞ք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, ասել ենք՝ սա հայաստանյան օրակարգ է, մենք չենք պատրաստվում ոչ մի բան ո՛չ ներմուծել, ո՛չ էլ արտահանել»։


Պատգամավորի ճշտող հարցին, թե խնդիրը Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարման հարցն է, արդյո՞ք պետք չէր ուսումնասիրել՝ Բելառուսում այդ իրավունքների ոտնահարումներ եղե՞լ են, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են»:

Այս հարցուպատասխանը խղճահարություն առաջացնելու աստիճանի մերկացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական, արժեքային սնանկությունն ու բացարձակ անսկզբունքայնությունը։ Խնդիրը շատ հստակ է, առանց որևէ տարընթերցման․ Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքների հետ հասարակության մեծամասնությունը համաձայն չէ ու համաձայն չլինելով՝ իրականացնում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք իրականացվում էին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հռետորական մասնակցությամբ, և ճիշտ գործողություններ, ինչպիսիք տեղի ունեցան 2018 թվականին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։


Բելառուսական ահա այդ բողոքի ակցիաների ընթացքում ոտնահարվել են հարյուրավոր խաղաղ ցուցարարների իրավունքներ, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, ձերբակալվել են, կան զոհված ու անհետ կորած քաղաքացիներ, և այլն։ Այսինքն՝ տեղի է ունեցել այն, ինչի դեմ 2008 թվականին պայքարում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, ինչին անհամարժեք վերաբերմունք ցուցաբերելու համար մեղադրում էր աշխարհին, և ինչը դարձավ իր քաղաքական գործունեության մեկնակետը։ 2018 թվականին Հայաստանում նման գործողություններ տեղի չունեցան, ոչ մի ցուցարարի գլխից մազ չպակասեց։ Բայց պատկերացնել կարելի է, թե ինչ աղմուկ կբարձրացներ անձամբ Նիկոլ Փաշինյանը, եթե 2018 թվականի ակցիաների մասնակիցների նկատմամբ Հայաստանում կիրառվեր այն բռնի ուժի 10 տոկոսը, որը կիրառվել է Բելառուսում։ Դժվար չէ պատկերացնել նաև, թե քանի հարյուր նամակներ կգրվեին միջազգային կազմակերպություններին՝ այդ իրադարձությունների համար Հայաստանի իշխանություններին դատապարտելու պահանջով։ Եվ ահա այս համատեքստում ՄԱԿ-ում տեղի է ունենում ընդամենը մարդու իրավունքների ոտնահարումների փաստերն ուսումնասիրելու հարցի վերաբերյալ քվեարկություն, որին Հայաստանը քվեարկում է․․․ ձեռնպահ։

Այսինքն, թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ ձևավորված իշխանությունը ձեռնպահ է բարեկամ երկրում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական բողոքի ակցիաների մասնակիցներին բռնաճնշելու հարցի ուսումնասիրության կապակցությամբ։ Ավելի մեծ հարված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության սկզբունքային հիմքին ու արժեհամակարգին, չէր կարող հասցնել անգամ ամենաթունդ հակահեղափոխականն ու ռևանշիստը։ Իսկ սա վկայում է այն մասին, որ իրականում թավշյա հեղափոխությունը լայն իմաստով որևէ արժեք ու սկզբունք չի ունեցել, և Նիկոլ Փաշինյանն ընդամենը հռետորաբանական մանիպուլյացիաներով շահարկել, օգտագործել է ժողովրդավարությունը՝ իշխանության գալու համար։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ժողովրդավարության կերտող է, այլ սպառող։ Հակառակ դեպքում ժողովրդավարության պաշտպանությունը նրա համար վեր կլիներ ցանկացած շահից։ Հակառակ դեպքում այսօր Հայաստանը ոչ միայն ձեռնպահ չէր լինի ՄԱԿ-ում քննարկված այդ որոշմանը, այլ ինքը կլիներ նման որոշման նախաձեռնողը՝ որպես, ինչպես հեղափոխականներն են սիրում ասել, ժողովրդավարական բաստիոն ու պաշտպան։

Իրականում Նիկոլ Փաշինյանը նման քվեարկությամբ ու այսպիսի հայտարարություններով փորձում է լուծել իր իշխանության շահերից բխող մանր խնդիրներ՝ հաճոյանալ ոչ այնքան՝ Բելառուսի, որքան՝ Ռուսաստանի իշխանությանը՝ Վլադիմիր Պուտինին։ Հենց դա է ընկած Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը հղում տալու փաշինյանական մոտեցման հիմքում, որը ոչ այլ ինչ է, քան սովորական փարիսեցիություն, երկակի ստանդարտների անտաղանդ կիրառում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից բխում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքներն ու ազատությունները՝ ժողովրդավարության հիմնասյուները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am