Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները

«Monument Watch»-ը ահազանգում է․


Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպն այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:


Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակության այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ոմն «մասնագետ» Գանձասարի վանքի գավթում գտնվող Ջալալ Մեծի (ապրել է 15-րդ դարում) տապանաքարը (նկ. 1) անգրագիտաբար ներկայացնում են որպես Հասան Ջալալ Դոլայի (ապրել է 13-րդ դարում) տապանաքար:

Նախ, տապանաքարի ծավալային և քանդակային լուծումների մասին: Այն հարթ սալ է, ինչպես որ որպես կանոն լինում են գավիթ-տապանատան տապանաքարերը: Պատրաստված է մարմարացված կրաքարից, որն Արցախի կրաքարի հանքերում խիստ եզակի է հանդիպում: Եթե սովորական կրաքարից պատրաստված կոթողները, որոնք կազմում են Արցախի կոթողային հուշարձանների գերակշիռ մեծամասնությունը, հաճախ քայքայվում և կորցնում են հորիվածքների հստակությունը, մարմարացված կրաքարը շատ լավ է պահպանում նախնական քանդակը, ինչը և տեսնում ենք մեր տապանաքարում: Հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում է եռատվել իշխանի տապանաքարը: Ս. Բարխուդարյանը հավանական է համարել, որ դա արել են գանձախույզները (ԴՀՎ 5, 64):

Տապանաքարի հորինվածքը կատարման վարպետությամբ և հստակությամբ կարելի է արվեստի լուրջ գործ համարել: Երեք վարդյակները, որ շրջանը համամասն բաժանելու և այն տարբեր լուսային մոտիվներով հագեցնելու կատարյալ օրինակներ են, ներկայացնում են հայ քրիստոնեական քանդակում լայնորեն տարածված երեք լուսատուներից՝ Արև, Լուսին, Աստղն առավոտի (նկ. 2-4), բաղկացած հորինվածքը, որը խորհրդանշում է Երկրորդ Գալուստը (և դրանով իսկ հանգուցյալների հոգու փրկությունը): Այն տարակերպ մանրամասներով Հայաստանում լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից մեկը 12-13-րդ դարերից սկսած՝ հայտնվում նաև տապանաքարերի վրա (նկ. 5-8, Պետրոսյան 2008, 363-366):

Տապանաքարի արձանագրությունը հայտնում է. «Ա[յս է] հանգիստ մեծին/ Ջալալին: [Յ]աղաւթս/ յիշեցէք: Թվ. :ՊՁ: (1431)»: Այսինքն, այն որևէ առնչություն չունի 1261 թ. եղերական մահով սպանված Հասան Ջալալ Դոլայի հետ: Ջալալ Մեծը նրա ժառանգներից է, ապրել է 15-րդ դարում, նա Ջալալ Մեծ է կոչվում և Մեծարանից սուրբ Հակոբավանքի արձանագրություններից մեկում, որ փորագրվել է նրա որդի՝ Հովհաննես կաթողիկոսի կողմից (ԴՀՎ 5, 18): Նկատենք, որ խաչքարային և տապանաքարային արձանագրության մեջ մահվան թվականի հիշատակումն անունից հետո երկրորդ կարևոր հաղորդումն է, քանի որ ըստ միջնադարյան հայ քրսիտոսաբանական պատկերացումների մահվան թիվն էական է Ժամանակների վերջում հավատացյալի ինքնության հավաստման համար: Թեև Գանձակեցին հստակ հաղորդում է Գանձասարում Հասան Ջալալ Դոլայի մարմինն ամփոփելու մասին («Իսկ զմարմին երանելի առնն… գողացեալ հաւատարմացն իւրոց, և որդւոյ նորա Աթաբակին, բերեալ ամփոփեցին ի գերեզմանատան հարց իւրոց ի Գանձասար, զոր ինքն իսկ շինեաց», Գանձակեցի 1961, 391), վանքում նրա տապանաքարը չկա: Նույնիսկ հետագայում՝ նրա շիրիմին տապանաքար դնելու դեպքում, արձանագրությունում պիտի փորագրվեր նրա մահվան թվականը: Իհարկե այս ամենը չգիտեն ադրագիտպրոպի ներկայացուցիչները, նրանց հիմնական նպատակը հայտարարելն է, թե այդ ամենն աղվանական է: Փաստերը, մասնագիտական գիտելիքը, տարրական բարեվարքությունը այս մարդկանց համար կարևոր չեն:

Այսպիսով, Գանձասարի գավթի հայտնի տապանաքարը ոչ թե Հասան Ջալալ Դոլայի, այլ 15-րդ դարում ապրած Ջալալ Մեծ իշխանի տապանաքարն է, ինչի մասին հստակորեն վկայում է 1431 թվականի արձանագրությունը: Այն կրում է եզակի վարպետությամբ իրականացված հորինվածք, որը խորհրդանշում է Երկրորդ գալուստն ի դեմս Արևի, Լուսնի և Աստղն առավոտի:

Մեր արձագանքը

Միջազգային ժառանգության իրավունքի տեսանկյունից նման ներկայացումները ժառանգության ինքնության խեղաթյուրում են: 1972 թվականի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պետություններից պահանջում են ապահովել մշակութային ժառանգության նույնականացումը, պաշտպանությունը, պահպանումը, ներկայացումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Այս շրջանակում Նարայի փաստաթուղթը մշակութային ժառանգության իսկությունը կապում է դրա արժեքների արժանահավատ և ճշմարտացի ներկայացման հետ՝ հաշվի առնելով, այդ թվում, նյութը, ձևը, գործառույթը, ավանդույթները, տեղադրությունը և լեզուն։ 2005 թվականի UNESCO-ի Կոնվենցիան ամրագրում է մշակույթների հավասար արժանապատվության և հարգանքի, ինչպես նաև մշակութային բազմազանության պահպանման սկզբունքները, իսկ 2003 թվականի Կոնվենցիան շեշտում է ժառանգության փոխանցումը սերունդների միջև և դրա կապը համայնքների ինքնության ու շարունակականության հետ։ Հետևաբար, հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը։ Գանձասարի դեպքում նման գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորում, երբ հուշարձանի պատմության վերաձևակերպումը ծառայեցվում է կեղծ ազգային-պատմական նարատիվի ձևավորմանն ու տարածմանը։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Հետո քաչալ Պետո...». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մեկնաբանությունը Ամասիա Հովհաննիսյանին Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան «Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկերը»․ Արա Պողոսյան «ԱԺ-ն ու Հանրայինը մրցում են, թե ո՞րը վիրավորանքների ավելի ցնցող տեսարաններ կներկայացնի»․ Ոսկան Սարգսյան Արցախի թեման մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Ռուբինյանն ազատել է պաշտոնից Ամեմամեծ դժբախտությունն ու անբուժելի ցավն ինքնուրույն մտածելու անկարողությունն է «Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները»․ Արմեն Հովասափյան Հունգարիան դադարեցրել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում «44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով․ Տեր Մանուկ «Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել «Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել քաղաքական միտքը»․ Արտակ Զաքարյան Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարար Ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Թուրքիան և Հունաստանը քննարկել են ծովային սահմանազատման հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am