Թուրքիայի գաղտնի ծրագիրը հայտնի է. մինչև 2021 թվականի մարտը «լուծել» Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը
Ուղիղ երկու շաբաթ առաջ թուրքական մամուլում հայտնվեց մի գաղտնի փաստաթուղթ, համաձայն որի՝ Թուրքիան մշակել է ծրագիր հարձակվելու համար Հունաստանի և Հայաստանի վրա: Ընդորում, Հունաստանի վրա հարձակման ծրագիրը փաստաթղթավորված է եղել 2014 թվականին, իսկ Հայաստանի հարձակման վրա ծրագիրը պատրաստ էր դեռ... 2000 թվականին:
Հունաստանի վրա հարձակման ծրագրի անվանումն էր` «TSK Çakabey Harekât Planlama Direktifi», որը փաստագրված էր 2014-ի հունիսի 13-ի դրությամբ և այն պիտի իրականացվեր Թուրքիայի զինված ուժերի կողմից: Այս ծրագիրը թուրք զինվորականների շրջանում հայտնի էր «Չակա-Բեյ» անվամբ: Հիշեցնենք, որ Չակա-Բեյը այն անվանի սելջուկ զինվորական առաջնորդներից էր, ով դեռ Բյուզանդիայի ժամանակներում հարձակվել էր Լեսբոս, Սամոս, Խիոս և Ռոդոս կղզիների վրա, սակայն ջախջախիչ պարտություն էր կրել բյուզանդական զորքերի կողմից: Անկախ ամեն ինչից, սելջուկ Չակա-Բեյի անունը մինչ այսօր հարգանքով է հիշվում Օսմանյան կայսրության պատմության էջերում, և այդ իսկ պատճառով այս հատուկ օպերացիան, որը պիտի իրականացվեր թուրքական զինված ուժերի կողմից, այդ անվանն էր արժանացել:
Հայաստանի վրա հարձակման ծրագիրը մշակվել և պատրաստվել էր 2000 թվականի օգոստոսի 15-ից, որը կոչվում էր`«TSK Altay Harekât Planlama Direktifi»: Թուրք զինվորականների շրջանում այս ծրագիրը կարճ կոչվում էր «Ալթայ»՝ կարծես նախանշելով այս ծրագրի իրական և հեռահար նպատակը:
Պետք է նշել, որ սույն, փաստացի, սենսացիոն նյութերը պատահական են հրապարակվել:
Թուրք-շվեդական «Nordic Monitor»-ի տեղեկությունների համաձայն, երբ քննվում էր 2016 թվականի զինվորական հեղաշրջման փորձը, Անկարայի դատախազ Սերդար Կոչքունը, ուսումնասիրելով թուրքական բանակի գլխավոր շտաբի փաստաթղթերը, պատահական է այն հայտնաբերել և անփութության պատճառով մոռացել է հեռացնել մեղադրական գործերի փաթեթից: Իսկ երբ այն հրապարակվեց երկու շաբաթ առաջ, Թուրքիայի իշխանությունները մաքսիմալ ձևով այսօր փորձում են կոծկել այս սկանդալը, որպեսզի ավելի լուրջ գաղտնի տեղեկության արտահոսքերը հնարավոր լինի կանխել:
Թեև այլ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել այս փաստաթղթերի հետ միասին, այնուամենայնիվ, Անկարայի դատախազության անոնիմ աղբյուրների համաձայն՝ թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի վրա հարձակման ծրագրերն ունեցել են նաև լրացուցիչ գաղտնի հավելվածներ:
Այսպես, օրինակ, պարզ է դարձել, որ Հունաստանի վրա հարձակման նպատակն եղել է օկուպացնել այն կղզիները, որտեղ հետագայում հնարավոր կլիներ ձևավորել էթնիկական զտումներ և թուրք փոքրամասնություններին դարձնել մեծամասնություն՝ փոփոխելով կղզիների էթնիկական հարաբերակցությունը: Այսինքն, իրականացնել այն, ինչ եղավ Կիպրոսի թուրքական մասի հետ, որտեղից արտահանվեց հույն և հայ բնակչությունը և այս կղզու 40 տոկոսը մինչ այսօր գտնվում է թուրքական օկուպացիայի տակ:
Այս փաստաթղթից երևում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն այս ծրագիրը կազմել է գաղտնի, որի մասին տեղյակ չի եղել նույնիսկ նախագահ Էրդողանը: Ավելին, բոլոր հիմքերը կան պնդելու, որ եթե 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը հաջող անցներ, ապա թուրք զինվորականները կարող էին փորձել իրականացնել իրենց այս ծրագրերը թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի մասով:
Ինչ վերաբերում է Հայաստանի հատվածին, ապա այստեղից պարզ երևում է, որ Թուրքիան 1998 և 1999 թվականներին մեծ հույսեր ուներ, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ի առթիվ կսկսվեր քաղաքացիական պատերազմ, սակայն այս հույսերը չարդարանալուց հետո որոշվեց իրականացնել այսպես կոչված «պլան Բ-ն», այսինքն՝ կյանքի կոչել «Ալթայ» ծրագիրը:
Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանում պետք էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով՝
Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն» և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ: Իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսներն շարքային հանցագործներ և թալանչիներ են:
Միջնորդավորված այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա և մարդիկ սկսեն լավ ապրել:
Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:
Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը: Որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկանքով:
Ավելին, նախատեսվում էր, որ «x» պահի Զանգեզուրի ուղղությամբ պիտի հարվածներ տրվեին նաև Նախիջևանի կողմից, այդ թվում նաև թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդման պատրվակով:
Մանրամասն ուսումնասիրելով սույն փաստաթուղթը՝ ապշել կարելի է, թե ինչ արդյունքների են հասել թուրքերը Հայաստանի ուղղությամբ, հատկապես՝ հիբրիդային պատերազմ իրականացնելու առումով:
Փաստացի հոկտեմբերի 27-ի միջոցով Հայաստանը ցնցումների մեջ գցել չհաջողվելուց հետո, նրանք հիբրիդային պատերազմի բոլոր գործիքներն օգտագործելով հասցրեցին 2008-ի մարտի մեկի դեպքերին: Որից հետո, ձեռքի տակ ունենալով «հարմար» քաղաքական գործիքակազմ, ընդդիմադիր դաշտում փորձում էին պարտադրել այն ժամանակվա Հայաստանի ղեկավարին համակերպվել մտքի հետ, թե առանց Ղարաբաղի հարցում զիջումներ անելու՝ հայ-թուրքական սահմանը չի բացվելու և երկու երկրների հարաբերությունները չեն բարելավվելու:
Եվ դա այն դեպքում, երբ մինչև 2008-ի մարտյան դեպքերը, գաղտնի ընթացող բանակցային գործընթացներում թուրքական կողմն իր նախնական համաձայնությունն արդեն տվել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ուղիղ կապված չէր լինելու ղարաբաղյան խնդրում առաջխաղացման գրանցման հետ:
Իսկ 2008-ից հետո, արդեն «կաղ բադ» դարձած հայաստանյան իշխանության պայմաններում, թուրքական կողմին հաջողվեց մեր երկրում ստեղծել իսկական «համաթուրքական ցանց», որի միջոցով իրականացվում էր հիբրիդային պատերազմ Հայաստանի պետականության դեմ:
Այլ խնդիր է, որ հայաստանյան իշխանություններն այս պատերազմում իրենց, մեղմ ասած, լավ չդրսևորեցին և որի արդյունքում այսօր ունենք այն իրավիճակը, որ այսօրվա հայաստանյան քաղաքական օրակարգի թելադրող ուժեղ դիրքերում է նաև Թուրքիան:
Նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ ամիս լիովին կազմաքանդել հայաստանյան պետականությունը, որպեսզի մոսկովյան 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրին ընդառաջ՝ Մոսկվային կարողանա պարտադրել Հայաստանի մասով բոլորովին այլ ծրագիր, որտեղ հայկական չեն լինի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրը:
Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org