«Դա հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ». Շավարշ Քոչարյան
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նաև ԱՄՆ ընտրությունների մասին: Ինչպես ասաց՝ ԱՄՆ նախագահի փոփոխությունով ծայրահեղ տեղաշարժեր չեն լինի: «ԱՄՆ բավականաչափ կայացած պետություն է` իր բոլոր կառույցներով:Մեծ փոփոխություններ, ծայրահեղ տեղաշարժեր դժվար է պատկերացնել, չնայած կլինեն որոշակի կորեկցիաներ, մասնավորապես արտաքին քաղաքականության առումով», - ասաց Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարությանը, նշեց, որ որևէ դիրքորոշման փոփոխություն չկա և համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք բազմիցս արվել են: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն ու դրանում հերթական անգամ կողմերի միջև հավասարության նշանի մասին` Շավարշ Քոչարյանը նշեց` ՄԽ հայտարարությունները միշտ էլ այդպիսին են. «Մինսկի խմբի հայտարարությունները միշտ էլ այդպիսին են եղել: Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ երբ չկա հասցեագրում, դա հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»:
