Վարչապետը ՊԵԿ-ից հարկատուների ցանկ է պահանջել
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց իրականացնեն ներդրումային ծրագրերի գույքագրում և ծրագրերի ցանկը ներկայացնել կառավարության աշխատակազմին, որտեղ կանխատեսված կլինի ներդրումների իրականացումը 2017 թվականի ընթացքում՝ հստակ նշելով ներդրումների ծավալները: «Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան, թե 2017 թվականին իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում: Այդ կանխատեսումների հիման վրա կառավարությունը պետք է ամփոփի, թե ընդհանուր ինչ ներդրումային ծրագիր է ստանալու»,- նշեց վարչապետը: Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարականներ տվեց ՊԵԿ-ին՝ հանձնարարելով մշտապես ներկայացնել կարգապահ ու խախտումներ թույլ տված հարկատուների ցանկ, որպեսզի սխալ ընկալումներ այլեւս չլինեն: Խնդիրը այն է, որ ըստ վարչապետի, ՓՄՁ սուբյեկտների վերաբերյալ նախկինում հնչեցրած իր հայտարարությանը սխալ են հասկացվել: Հիշեցնենք, որ վարչապետը հանձնարարել էր ՊԵԿ-ին հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ ՓՄՁ-ներին անդրադառնալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: «ՊԵԿ-ն այսօր ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարող սուբյեկտներ ոչ համարժեք են ընկալել ու մեկնաբանել այդ հանձնարարականը: Մասնավորապես առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման շրջանառության, գների, աշխատողների թվաքանակի թերհայտարարագրում, ապրանքների մատակարարում՝ առանց հաշվարկային փաստաթղթերի, ծախսերի ուռճացված թվերի ներկայացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում»,- նշեց վարչապետը:
