Որն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ-ի ներկայացուցչի նշանակման հետաձգման պատճառը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային փոխարինած Վալերի Սեմերիկովն ժամանակավոր պաշտոնակատար է, ռոտացիոն կարգով այդ տեղը Հայաստանինն է, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:«Հասկանանք` ընդունվել է որոշում, համաձայն որի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի և, բնական է, եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, համաձայն ռուսական այբուբենի՝ առաջին պետությունը Հայաստանն է: Երևանում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը, չեղավ կոնսենսուս և ժամանակ պահանջվեց որոշման համար: Հաջորդ հանդիպմանն էլ չի եղել Բելառուսի նախագահը, ինչը հնարավորություն չի տվել որոշում կայացնել: Արդյունքում, հունվարի 1-ից նշանակվել է ոչ թե գլխավոր քարտուղար, այլ ընդամենը պաշտոնակատար և մոտակա գաթնաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի», - բացատրեց Շավարշ Քոչարյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տպավորություն է, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի քարտուղարությունը ստանձնելուն Շավարշ Քոչարյանը պատասխանեց` Ղազախստանը չի խոչընդոտել:
