Իշխան Զաքարյանը՝ Գագիկ Ծառուկյանի շտաբի պետ
Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը օրերս աշխատանքից ազատման դիմում է գրելու եւ ղեկավարելու է ԲՀԿ-ի նախընտրական շտաբը։ ՎՊ-ից մեր հարցին ի պատասխան ասացին, որ մամուլի խոսնակ չունեն, իրենք էլ իրավասու չեն հարցին պատասխանել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Իշխան Զաքարյանն այսօր եկե՞լ է աշխատանքի, դրական պատասխան տվեցին։ «Պարոն Զաքարյանը տեղում է, աշխատում է, դիմում չի գրել»,-պատասխանեցին ՎՊ-ից։ Լուրը փորձեցինք ճշտել նաեւ ԲՀԿ-ից, սակայն ԲՀԿ մամուլի քարտուղար Վանիկ Էլիզբարյանը, հարցը լսելուն պես, ասաց, որ զբաղված է եւ այս պահին չի կարող որեւէ հարցի պատասխանել։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «խորհրդակցության էր, չէր կարող խոսել»։ Մյուս ԲՀԿ-ականները հեռախոսազանգերին դեռ երեկվանից չեն պատասխանում։ Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին՝ ընդ որում լայն դաշինքով։ Ի դեպ, Իշխան Զաքարյանը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում՝ ընտրվելով ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր։ Սեդա Ղուկասյան
