Հայաստանը Ռումինիան կամ Ալբանիան չէ. Կարեն Վարդանյանը տարբերակներ է առաջարկում
ՏՏ ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն այսօր Հայելի ակումբում նշեց, որ ՏՏ ոլորտի բնականոն զարգացման արդյունքում 2025 թվականին 40 հազար մասնագետ ինքնըստինքյան կլինի։ Մասնագետի համոզմամբ, եթե Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը գնա ճիշտ ուղով, ապա բոլոր ուսումնական հաստատություններում կհայտնվեն «ինժեներական դասարաններ», իսկ 2025 թվականին Հայաստանում կլինի համաշխարհային շուկայի ամենամրցունակ ՏՏ ոլորտներում աշխատող առնվազն 70 հազար լավ մասնագետ։ «Այդ ոլորտի զարգացման համար իրական արդյունավետ ռազմավարությունը պետք է ուղղված լինի առաջիկա 10 տարում 70-80 հազար մասնագետների ձեւավորմանը: Նման դասասենյակներ բացելու առաջին արդյունքները տեսանելի կլինեն արդեն 2019-ին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ժամանակ (WCIT)։ Այդ քայլը մեծ ուշադրություն կհրավիրի երկրի նկատմամբ, կսկսեն գալ խոշորագույն ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչի շնորհիվ ՏՏ ոլորտը եւ բիզնեսը երկրում կսկսեն զարգանալ»,- պարզաբանեց նա: Կարեն Վարդանյանը կարևորում է, որ անհրաժեշտ է հետագա քայլերում ներառել կրթությունը, բիզնեսի զարգացումը, կառավարության հետ համագործակցությունը, արտասահմանում Հայաստանը՝ որպես բրենդ ներկայացնելը: «Եթե մեզ ճանաչեն որպես ինժեներական կրթության ոլորտի առաջատար երկիր, վաղը, մյուս օրը մենք ստիպված չենք լինի մարդկանց բացատրել, որ Հայաստանը Ռումինիան կամ Ալբանիան չէ, այն ոչ ոք չի շփոթի նման անվանումներով այլ երկրների հետ»,– ասաց Վարդանյանը։ Սոնա Դավթյան
