Եթե զրոները միավորվում են, ընդամենը զրո է լինում. Ադիբեկյան
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե զրոները միավորվում են, ընդամենը զրո է լինում:«Եթե կան ռեսուրսներ, սոցիալական բազա, ազդեցության դաշտ ունեցող կուսակցություններ, որոնք կարողանում են միավորվել, ապա կարող են մրցակցել նրանց հետ, որոնց հավակնությունները բավականին իրատեսական են: Բայց 20 տարվա քաղաքական զարգացումների ընթացքում ես լուրջ դաշինք չեմ տեսել»,- նշեց նա: Ըստ Ադիբեկյանի պետք է լինի խարիզմատիկ դեմք, ռեսուրսներ, ֆինանսներ, նոր գաղափարախոսություն. «Ունենք 82 կուսակցություն, և, երբ մենք զննեցինք նրանց քաղաքական ծրագրերը, 90%-ը համընկնում էր, 10%-ում կարող են լինել տարբերություններ: Հայաստանի համար կարևորը դեմքն է. ով է ղեկավարը, ու պատահական չէ, որ քվեաթերթիկներն այդ սկզբունքով են կազմում»: Սոցիոլոգի կանխատեսմամբ` ապագա խորհրդարանում նոր խաղացողներ կլինեն, բայց միայն երրրոդ դիրքում, և նորաստեղծ միավորումներն ունեն լուրջ սխալներ: Սոնա Դավթյան
