ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացրել Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիայի մասին
Այսօր` hունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփեց անցած տարվա դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո ՄԻՊ-ի կատարած փաստահավաք աշխատանքների արդյունքները: «Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձից անմիջապես հետո մեր Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը իմ հանձնարարությամբ անմիջապես մեկնել է Տավուշի մարզ` տեղում փաստահավաք աշխատանքներ սկսելու համար: Ես զրուցել եմ Չինարի համայնքի ղեկավարի հետ, մեր աշխատակիցները զրուցել են գյուղացիների հետ, փաստահավաք աշխատանքի ընթացքում մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը»,- նշեց Թաթոյանը: ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ փաստահավաք խումբն այս անգամ բոլորովին նոր ուղղությամբ է աշխատել, և այդ գործունեության հիմնական ուղղության իմաստը, ամենակարևոր խնդիրը՝ քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանությունն է: ՄԻՊ-ը հատուկ զեկույց է պատրաստել, որը ներկայացվեց լրագրողներին: Այնտեղ կան փաստեր, լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ 3 հայ զինծառայողների կյանքից զրկումը տեղի է ունեցել այն պարագայում, երբ բացակայել է որևէ վտանգ հայ զինծառայողի կողմից հակառակորդին վտանգ հասցնելու: Օմբուդսմենի գրասենյակը հետևողական է եղել նաև դիվերսիոն ներթափանցման փորձին հաջորդող օրերին` գիտակցելով, որ հակառակորդը կարող է նոր սադրիչ գործողությունների դիմել սահմանի այդ հատվածում:
