Գարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել «Ցեղասպանություն» բառն օգտագործելու համար
Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի նահանգային կառույցի ղեկավար Արիֆ Քյոռօղլուն դատախազություն հայց է ներկայացրել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ։ Ինչպես հաղորդում է թուրքական Beyaz Gazetesi թերթը, Քյորօղլունի պնդմամբ` «մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար»: Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը զրկվել է խորհրդարանական երեք նիստի մասնակցելու իրավունքից թուրքական Մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ Փայլանը հայտարարել է․ «1913-1923 թվականների ընթացքում չորս ժողովուրդ կորցրեցինք` հայերը, ասորիները, հույները, հրեաները մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ արտաքսվեցին, կա՛մ փոխանակման ենթարկվեցին»: Փայլանն իր հերթին մեջլիսի նախագահի կողմից իր ելույթը խոչընդոտելու և երեք նիստից հեռացվելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան։ Ըստ «Ակօս»-ի՝ Փայլանը նաև դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահությանը՝ պահանջելով հրաժարվել ընթացակարգին հակասող որոշումներից: Նա ընդգծել է նաև, որ այդ որոշումով խախտվել է իր՝ պատգամավորական անձեռնմխելիությունն ու խոչընդոտվել խոսքի ազատության իրավունքը:
