Խաչատուր Սուքիասյանը՝ իր հետագա քայլերի մասին
Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից հայտնի գործարար «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի կպատասխանի հունվարի վերջերին: Ու մինչ օրս նա պահպանելով «դադարի ռեժիմը» տնտեսական ու քաղաքական գործիչը շարունակում է հրաժարվել քաղաքական հարցերին պատասխանելուց: Նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը օրերս կրկին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան նշել էր, որ Խ.Սուքիասյանը տարբեր քաղաքական ուժերից խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկներ ստացել է, սակայն այս պահին դեռևս քաղաքական կոնսուլտացիաները չեն ավարտվել: «Իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ որոշում չկա: Այդ մասին որոշում կայացնելուց հետո պարոն Սուքիասյանն ինքն անձամբ կհայտարարի»,– ասել էր Ա. Մկրտչյանը: «Փաստի» հետ զրույցում նախկին պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ թեմայով խոսելու հատուկ օր է նշանակվելու, որն ամենայն հավանականությամբ հունվարի 20–ից հետո կլինի և այդ ժամանակ էլ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին նա իր կարծիքը, ցանկություններն ու մոտեցումները կներկայացնի հանրությանը: Չհրաժարվելով պատասխանել «Փաստի» մյուս հարցերին Խ. Սուքիասյանը նշեց, որ ցանկացած գործարար պետք է գիտակցի, որ Հայաստանի արդյունաբերության և տնտեսության զարգացումը կախված է նաև իր այս կամ այն գործունեությունից: Ու եթե գործարարներն այդ գիտակցումով կատարեն իրենց քայլերը, ապա Հայաստանը շատ արագ կկարողանա ոչ միայն ոտքի կանգնել, այլև զարգանալ: Նման կերպ մտածող քանի՞ հայաստանցի գործարար գիտի Խ. Սուքիասյանը հարցին ի պատասխան նշեց, որ այդպես մտածող ցանկացած մարդ պետք է կարողանա իր մոտեցումները քարոզել, որպեսզի նրանց շարքերը գնալով մեծանան: «Բոլորը պետք է ամեն պահ ամեն վայրկյան մտածեն Հայաստանը զարգացնելու մասին և անընդհատ փնտրեն ու գտնեն այն ապրանքատեսակները, որոնք կարելի է ոչ թե ներկրել, այլ տեղում արտադրել: Սա է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման միակ փրկությունը»,– ասում է Խ. Սուքիասյանը:
