Հիվանդանոցում մահացած զինվորը վաղը պետք է զորացրվեր
Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված զինվորն այսօր հիվանդանոցում մահացել է: Դեկտեմբերի 30-ին 20-ամյա Գարիկ Վարդանյանը վիրավորվել էր հակառակորդի արձակած կրակից: Նա Արարատի մարզի Այգեստան գյուղից էր: Այգեստանն այսօր սգի մեջ է, բոլորը ողբում են 20-ամյա համագյուղացու մահը: Արդեն 17 օր շարունակ Գարիկը պայքարում էր կյանքի համար, սակայն երիտասարդի կյանքն այդպես էլ փրկվել չի հաջողվել: Հոյակապ երիտասարդ էր` բանիմաց, խորամիտ` համագյուղացիները հենց այդպես են նկարագրում Գարիկին: «Բանակում լավ ծառայում էր: Անցյալ տարի գնացել էին տեսության, սպաները շատ էին գովում, մի հոյակապ երիտասարդ»,-Newsbook.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սոկրատ Հովսեփյանը: Գարիկի 2-րդ տարին արդեն պետք է բոլորեր: Վաղը նա պետք է զորացրվեր: Գարիկը հասարակ գյուղացու ընտանիքում էր ապրում: Հայրը վարորդ է, և Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի է մեկնում: Մայրը տնային տնտեսուհի է, իսկ տատիկն Այգեստանի մշակույթի ակումբի վարիչն է: «Համեստ պայմաններով ապրող մարդիկ են: Խելոք, աշխատեսեր»,- փոխանցեց գյուղապետը: Գարիկը նաև մեկ եղբայր ու քույր ունի:
